«Տաք երկիր, ցուրտ ձմեռ». նոր ֆիլմ` 90-ականների մութ ու ցուրտ օրերի մասին (ֆոտո)

21:01   2 մայիսի, 2016

«Տաք երկիր, ցուրտ ձմեռ»` այսպես է կոչվում ռեժիսոր Դավիթ Սաֆարյանի նոր լիամետրաժ խաղարկային ֆիլմը, որի առաջին դիտումը կայացավ այսօր` մայիսի 2-ին, «Մոսկվա» կինոթատրոնում: Ֆիլմը պատմում է 90-ականների բարդ կյանքի, անլույս եւ ցուրտ օրերի, հացի հերթի եւ մի շարք այլ դժվարությունների մասին:

Գլխավոր հերոսներին մարմնավորում են Աշոտ Ադամյանն ու Յանա Դրուզը, թեեւ ռեժիսորը պնդում է. «Իմ ֆիլմում չկան երկրորդական կերպարներ: Այնտեղի դերասանները չեն խաղում, նրանք վերապրում են շատերիս ծանոթ պատմությունը»:

Սաֆարյանի խոսքով` ֆիլմն ինքնակենսագրական չէ, այլ մի պատմություն է բոլորիս մասին:

«Կարծում եմ այս աշխատանքը 50 տարի հետո էլ հետաքրքրությամբ կնայեն»,-ասում է ռեժիսորը:

«Տաք երկիր, ցուրտ ձմեռ» ֆիլմի սցենարի համահեղինակը Յանա Դրուզն է: Ֆիլմում նկարահանվել են նաեւ Կարեն Ջանիբեկյանը, Հարություն Մովսիսյանն ու Հրաչյա Հարությունյանը: Լիամետրաժ խաղարկային այս ֆիլմը ներառված է Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի հոբելյանական ծրագրում։

Նշենք, որ այս տարվա փետրվարին, ֆիլմը մասնակցել է Բեռլինի փառատոնի կինոշուկային և արժանացել եվրոպական կինոպրոդյուսերների ուշադրությանը (կինոնկարը գնել են գերմանացի, հոլանդացի և Լուքսեմբուրգի դիստրիբյուտորական ընկերությունները)։

Դավիթ Սաֆարյանի «Տաք երկիր, ցուրտ ձմեռ» ֆիլմի հայաստանյան պրեմիերան տեղի կունենա մայիսի 4-ին՝ ժամը 19։00-ին, «Մոսկվա» կինոթատրոնում։

Սյունե Առաքելյան

Լուսանարները՝ Մելինե Տոնոյանի



© NEWS.am STYLE