Կոմիտասի թանգարանում կկայանա շվեդ դիրիժոր Կարին Օլդգրինի երգչախմբի համերգը (ֆոտո)

17:45   5 մայիսի, 2016

Այսօր՝ մայիսի 5-ին Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտում կկայանա «Սուրբ Հովհաննեսի անվան կամերային երգչախմբի» համերգը։ Երգչախումբը Հայաստան է եկել «Սպեղանի» երգչախմբի 20-ամյա միջոցառումների շրջանակներում։ Այս մասին NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասել է «Սպեղանի» երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Սարինա Ավթանդիլյանը։

«Այսօրվա համերգին ելույթ կունենան ինչպես «Սպեղանի», այնպես էլ «Սուրբ Հովհաննեսի անվան կամերային երգչախմբերը»։ Համերգին կհնչի Շվեդիայի ժամանակակից կոմպոզիտորների խմբերգերը, որոնք այս երգչախմբի կենտրոնական մասն են կազմում։ Երգչախումբը անակնկալ է պատրաստել իր հանդիսատեսին՝ կատարելու է նաեւ Կոմիտասի գործերից։ Կարինն առաջին անգամ էր լսում Կոմիտաս եւ շատ տպավորված էր»,- ասել է Սարինան։

Վերջինս ավելացրեց, որ շվեդ դիրիժոր Կարինը հիանալի անձնավորություն եւ կատարյալ խմբավար է, որը մեծ գործունեություն է ծավալում Շվեդիայում։ Նա երեկ է ժամանել Երեւան եւ ունեցել է վարպետաց դաս երգչախմբի ուսանողների հետ։

«Շատ հետաքրքրիր ինֆորմացիա կարողացանք ստանալ Շվեդիայի խմբավարական արվեստի եւ խմբավարային երգեցողության մասին։ Հենց նրանց առաջարկն է եղել, որ գան Երեւան»,- ասաց «Սպեղանի»-ի գեղարվեստական ղեկավարը։

Սարինեի խոսքով՝ կարեւոր է, որ արտասահմանյան մշակույթը ներկայացվում է Հայաստանում, քանի որ հյուրերը նույնպես ծանոթանում են հայ մշակույթին։ Նմանատիպ համագործակցությունները խթանում են հայ մշակույթի պրոպագանդային։

Մելինե Տոնոյան



© NEWS.am STYLE