Սերժ Թանկյանը RollingStone-ին պատմել է System of a Down-ի հետ համատեղ ծրագրերի մասին

11:48   6 մայիսի, 2016

Անցյալ տարի աշխարհահռչակ System of a Down ռոք խումբը տեւական դադարից հետո միավորվեց «Wake up Souls» համերգային շրջագայության գաղափարի շուրջ։ Այն ուներ մեկ հստակ նպատակ՝ բոլորի ուշադրությունը հրավիրել ցեղասպանությունների թեմային։ Շրջագայության վերջին համերգը կայացավ ապրիլի 23-ին Երեւանում, որն անմոռանալի տպավորություններ եւ հիշողություններ թողեց ներկաների մոտ։

Այսօր խմբի անդամները դարձյալ առանձին են հանդես գալիս, եւ երկրպագուները դեռ հնարավորություն չունեն լսելու նրանց նոր աշխատանքները։ Սակայն խմբի մենակատար Սերժ Թանկյանը RollingStone-ին տված հարցազրույցում պատմել է, որ այժմ համագործակցությունը քննարկման փուլում է։

Ի՞նչ ծրագրերի վրա եք հիմա աշխատում։

Նոր եմ ավարտել «Արցախ» երգը, ինչպես նաեւ գրել եմ մի քանի ռոք ստեղծագործություններ։ Կտեսնենք ինչպիսին կլինի դրանց վերջնական արդյունքը։ Դեռ չգիտեմ՝ դրանք կդառնան System-ի, թե սոլո երգեր։ Ժամանակը ցույց կտա։ Ես նաեւ սպասում եմ մի քանի ընկերներիս նոր ֆիլմերին, որպեսզի սկսեմ աշխատել դրանց երաժշտության վրա։

Իսկ ի՞նչ փուլում է այժմ System of a Down-ը։

Մենք լրջորեն խոսում ու քննարկում ենք, փորձում ենք մեր ստեղծած մեղեդիները, նյութերը հավաքել մեկ տեղում։ Հաշվի ենք առնում բոլոր դրական եւ բացասական կողմերը։ Չեմ կարող դեռ հստակ ասել՝ մենք միասին երգ կձայնագրենք, թե ոչ, քանզի ստուդիա չենք գնացել եւ չենք արել դա։ Բայց մի բան հստակ է՝ մենք երգերը նվագում ենք իրար համար եւ լսում միմյանց կարծիքները։ Սա շատ լավ է, կտեսնենք, թե ինչ կստացվի։

Կարծում եմ շատ լավ կլինի ինչ-որ նոր ուղղությամբ հանդես գալ։ Հետաքրքիր կստացվի, բայց պետք է յուրաքանչյուրիս հոգեհարազատ լինի եւ հարկավոր է այնպես անել, որ ամեն մեկս ուրախ լինենք։ Եթե մեզ հաջողվի, ուրեմն կանենք դա։

 

Պատրաստեց՝ Յանա

 

 



© NEWS.am STYLE