Շվեդական հեռուստատեսություն. Իվետա Մուկուչյան՝ հայկական Բեյոնսե, որն ունի հաղթելու բոլոր շանսերը

12:07   10 մայիսի, 2016

Եվ այսպես մենք այսօր պատրաստվում ենք Իվետա Մուկուչյանի ելույթին, որը վստահ ենք իր էներգետիկայով «կպայթեցնի» ամբողջ դահլիճը: Հայաստանի ներկայացուցիչը ելույթ կունենա յոթերորդ համարի ներքո:

Իսկ մինչ այդ շվեդական SVT1 հեռուստաալիքը կես ժամ առաջ ռեպորտաժ է պատրաստել գալիք կիսաեզրափակիչի մասին՝ նշելով իր ֆավորիտներին:

Առավոտյան ծրագրի չորս հաղորդավարներն էլ միաձայն կարծում են, որ Իվետա Մուկուչյանը եզրափակիչ դուրս գալու համար բացահայտ ֆավորիտ է: 

«Շատ եռանդուն աղջիկ է՝հայկական Բեյոնսե։ Ստեղծագործությունն ամբողջ դահլիճը լցնում է կրքով ու սիրով: Նա եզրափակիչ դուրս գալու ու հաղթելու բոլոր շանսերն ունի: Նրա երգը ամբողջ մրցույթի բացահայտ ֆավորիտն է: Այն անհնար է չհիշել: Իվետայի դեպքում մենք տեսնում ենք երգի ու կատարողի ներդաշնակ համադրություն»,- ասել է հաղորդավարներից Քեն Օուլսենը։

Որպես ակնհայտ ֆավորիտներ հաղորդավարները նաեւ նշել են Սերգեյ Լազարեւին՝ ավելացնելով, որ Ռուսաստանի ներկայացուցիչը մրցույթում լավագույն գրաֆիկական շոուն ունի, ինչպես նաեւ Ֆրանսիայի մասնակից Ամիրին։ Վերջինիս J'ai Cherché ստեղծագործությունն ըստ հաղորդավարների, կարող է բարձր տեղ զբաղեցնել եզրափակիչում: 

Պարույր Սինյավսկի, Սյունե Առաքելյան՝ Ստոկհոլմից



© NEWS.am STYLE