Հայաստանը՝ Եվրատեսիլի 1-ին կիսաեզրափակիչի գլխավոր սենսացիա. իսպանական RTVE

15:39   11 մայիսի, 2016

Մայիսի 10-ի երեկոյան կայացավ Եվրատեսիլ 2016-ի առաջին կիսաեզրափակիչ փուլը, երբ պայքարի մեջ մտան մրցույթին մասնակցող 42 երկրների ներկայացուցիչներից 18-ը։ Հիասքանչ շոուի ընթացքում ելույթ ունեցավ նաեւ Հայաստանի պատվիրակ Իվետա Մուկուչյանը, որն այն 10 երջանիկներից էր, ովքեր եզրափակիչի ուղեգիր ստացան։

Իվետայի փայլուն կատարումը տպավորեց մրցույթի բոլոր երկրպագուներին, եւ սա են վկայում նրա ելույթի հոլովակի դիտումների թիվը Եվրատեսիլի YouTube-յան պաշտոնական էջում (Իվետան երեկ բեմ բարձրացած մասնակիցներից զիջում է միայն Ռուսաստանը ներկայացնող Սերգեյ Լազարեւին)։

Մեր գեղեցկուհու «LoveWave»-ն ու հենց ինքը՝ երգչուհին, բարձր գնահատանքի են արժանացել իսպանական RTVE հեռուսատեսության կողմից։ RTVE-ն ամփոփիչ հոդված է գրել եւ անդրադարձել երեկ ելույթ ունեցած արտիստներին։Նյութում մեր պատվիրակի մասին մասնավորապես ասված է.

«Իվետա՝ կիսաեզրափակիչի դիվա եւ թագուհի

Ինչպես կարելի էր ակնկալել, ֆավորիտ համարվող Ռուսաստանը շեշտը դրել էր բեմականացման վրա, բայց ի դժբախտություն Սերգեյ Լազարեւի՝ երեկոյի գլխավոր սենսացիան Իվետա Մուկուչյանն էր, որին շատերն արդեն սկսել են կոչել «հավանական հաղթող»։ Բեյոնսեից ոգեշնչված արտաքին տեսքով եւ իր էմոցիոնալ կերպարով Իվետան ցույց տվեց, որ ինքն է այս կիսաեզրափակիչի լավագույն ձայնը»,- այսպես է արտահայտվել RTVE-ն դիվա Իվայի մասին։

 

Պատրաստեց՝ Յանա



© NEWS.am STYLE