Հայկոն, Մկոն, Վաչեն, Գայանեն եւ ուրիշներ՝ «Ֆուլ հաուս» ներկայացման երեւանյան պրեմիերային (ֆոտո)

10:02   17 մայիսի, 2016

Մայիսի 16-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում «Ֆուլ հաուս» սինթքոմի դերասանները առաջին անգամ հայ հանդիսատեսին ներկայացրեցին իրենց նոր շոու-ծրագիրը, որն ունի բարեգործական նպատակ: Ինչպես նշեց սինթքոմի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը՝ Մենչը, ներկայացման ողջ հասույթը տրամադրվելու է ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքներին:

«Պատահական չէ, որ հենց այս ժամանակաշրջանն է ընտրվել: Մեր նպատակն է օգնել քառօրյա պատերազմում զոհված զինվորների ընտանիքներին»,- ասաց Արմենը:

NEWS.am STYLE-ի հետ զրույցում Մենչը խոսեց սիթքոմի հեռուստատեսային տարբերակի եւ ներկայացման մասին:

«Սցենարային առոմով երկուսն էլ տարբեր են: Սինթքոմը մեծ արձագանք գտավ, եւ մենք որոշեցինք այն նաեւ բեմ տեղափոխել, քանի որ սովորաբար մեր նախագծերը նաեւ ներկայացման տարբերակով ենք հանդիսատեսին ցուցադրում: Առաջինը եղավ ԱՄՆ-ում եւ միանգամից ստացավ մեծ արձագանք: Դրանից հետո նույն տարվա ընթացքում ունեցանք մի քանի ելույթներ կրկին Միացյալ Նահանգներում: Այնուհետեւ որոշեցինք նաեւ հայ հանդիսատեսին ցուցադրել այն, ինչ չկա հեռուստատեսային տարբերակում: Ներկայացման ու սերիալի սցենարները տարբեր են, միայն դերասանական կազմն է նույնը»,- նշեց Մենչը:

«Ֆուլ հաուսի»-ի դերասանները բեմ բարձրանալուց առաջ մեծ պատասխանատվություն էին զգում, հետեւաբար ամեն ինչ շատ լավ ավարտվեց: Դահլիճում հնչած բրավոններից եւ բարձր ծափահարություններից կարող ենք ենթադրել, որ հանդիսատեսին շատ է դուր եկել սիրված դերասանների աշխատանքը: Եվ իսկապես, թե հումորային համարները, թե երաժշտական կատարումները գոհացրեցին բոլորին:

Ավելացնենք, որ շոու-ներկայացումը եկել էին դիտելու մի շարք հայտնի մարդիկ՝ Աշոտ Ղազարյանը, Հայկոն, Անահիտ Սիմոնյանը, Մկրտիչ Արզումանյանը, Հայկ Մարությանը, Գայանե Ասլամազյանը, Ֆաինա Հարությունյանը, Անդրանիկ Հարությունյանը եւ ուրիշներ:

Մելինե Տոնոյան

 



© NEWS.am STYLE