Miss Armenia Belgium-ի հաղթող Թագուհին՝ հայաստանյան իր առաջին այցի եւ նոր ծրագրերի մասին (ֆոտոռեպորտաժ)

11:14   18 մայիսի, 2016

Miss Armenia Belgium-ի հաղթող 20-ամյա Թագուհի Սինոմյանը օրեր առաջ Հայաստան էր եկել երգչուհի, մոդել Keyoh-ի հետ: Աղջիկները հատուկ այցով էին ժամանել Երեւան: Նրանք դրամական օգնություն են տրամադրել ապրիլյան պատերազմական իրավիճակում վիրավորված զինվորներին: NEWS.am STYLE-ի հետ զրույցում մրցութի հաղթող Թագուհին նշեց, որ Բելգիայում իր իսկ նախաձեռնությամբ շոկոլադ է վաճառել, որի հասույթն ամբողջությամբ տրամադրել է զինվորներին:

«Բավականին շատ շոկոլադներ ենք վաճառել: Ով մոտենում էր գնելու, մենք նրանց պատմում էինք, թե ինչ նպատակով ենք վաճառում դրանք` ներկայացնելով Հայաստանում տիրող իրավիճակը: Մարդիկ կային, որ չէին գնում շոկոլադ, բայց գումար էին նվիրաբերում»,- ասում է նա:

Նշենք, որ Թագուհին առաջին անգամ է այցելել Հայաստան: Նա այնտեղ սովորում է լրագրություն եւ հաճախում է դաշնամուրի: 20-ամյա գեղեցկուհին հատուկ նպատակով է ընտրել լրագրողի մասնագիտությունը. «Ես շատ եմ սիրում գրել: Ուզում եմ մի գիրք գրել: Ինձ ասել են որ լրագրությունը կօգնի եւ ես սկսեցի սովորել: Հույս ունեմ, որ մի օր կհրապարակեմ իմ գիրքը, որը կլինի ֆանտաստիկայի ժանրում»:

Թագուհին Miss Armenia Belgium-ին մասնակցել է՝ տեղեկանալով համացանցից: Նրան հետաքրքրել է մեր ազգային երգն ու պարը եւ հայոց լեզուն:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ Miss Armenia Belgium մրցույթի նպատակը հայապահպանումն է: Մրցույթում մասնկաիցներին սովորեցնում եւ ծանոթացնում են հայական մշակույթին:

«Իսկապես մրցույթը մեզ շատ բան սովորեցրեց: Ինձ հատկապես շատ են դուր եկել ազգային պարերը: Բացի այդ` շատ նոր բառեր եմ սովորել: Նախկինում շատ բառեր սխալ էի կիրառում»,- ասում է Թագուհին:

Miss Armenia Belgium-ը Հայաստանից հեռացել է մեծ տպավորություններով եւ այն համոզմաբ, որ նորից հետ կվերադառնա եւ կշրջի Հայաստանի տեսարժան վայրերով:

Լուսանկարներն ու տեքստը՝ Մելինե Տոնոյանի

Զգեստները՝ Arpine Koshtoyan Fashion-ի

Դիմահարդարումը՝ Beauty Fabric-ի



© NEWS.am STYLE