Կխնդրեի, որ վերջ դրվեր անմիտ խոսակցություններին. Անդրեն` ամուսնության վերաբերյալ բամբասանքների մասին

12:08   21 մայիսի, 2016

Համացանցում տարածված աղմուկն այն մասին, թե իբր Անդրեն ամուսնացել է եւ նրա ընտրյալը Հոլիվուդում հայտնի «Նաիրի» ռեստորանի սեփականատիրոջ աղջիկն է, չեն համապատասխանում իրականությանը: NEWS.am STYLE-ի հետ զրույցում այս խոսակցությունները հերքել է անձամբ Անդրեն, որին արդեն հոգնեցրել են իր անվան շուրջ հյուսվող նմանօրինակ բամբասանքները.

«Սա արդեն երկրորդ դեպքն է, երբ ծանոթ աղջկա կամ բարեկամուհուս հետ լուսանկարներ են գտնում եւ նմանատիպ պատմություններ հնարում: Չգիտեմ` ում ձեռքի գործն է այդ անընդունելի քայլը, սակայն ինձ անչափ բարկացնում է, որ մեր որոշ կայքեր առանց, նույնիսկ, ինֆորմացիան ճշտելու հանրային են դարձնում իմ բարեկամուհու լուսանկարը, ինչը դեմ է էթիկայի կանոններին: Լուսանկարի աղջիկը Արուսն է` զարմիկիս դուստրը: Կխնդրեի, որ վերջ դրվեր անմիտ խոսակցություններին, որոնք խնդիրներ են առաջացնում նաեւ իմ հարազատների համար»,-մեզ հետ զրույցում նշեց Անդրեն, որն այս պահին գտնվում է Միացյալ Նահանգներում, որտեղ այժմ աշխատում է Andrenaline ռեալիթի շոուի շուրջ:

Երգիչը նաեւ առաջադրված է BAMA միջազգային մրցանակաբաշխության «Լավագույն երգիչ» անվանակարգում, որի մասին մանրամասները կներկայացնենք առաջիկայում:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE