Սուրճ՝ պաղպաղակի կոնի մեջ. Instagram-ի նոր հիթ

10:18   22 մայիսի, 2016

Կիրակի առավոտյան մինչ դուք վայելում եք ձեր առաջին գավաթ սուրճը, ձեզ ենք ներկայացնում Instagram-ում հիթ դարձած նորույթը։

Հարավաֆրիկյան «The Grind Coffee» ընկերության առաջարկած այս համեղ սուրճն արդեն հասցրել է արժանանալ սուրճի սիրահարների եւ ուղղակի քաղքրասերների ուշադրությանն ու հավանությանը։ Չէ որ այն սուրճի, պաղպաղակի եւ շոկոլադի համադրություն է, եւ նշված բաղադրիչները ոչ միայն ավելի համեղ ու քաղցրահամ են դարձնում սուրճը, այլեւ ասես գայթակղում ու «ստիպում են» հաճախորդին գնել ու համտեսել այն։

Բնականաբար սուրճը լցնելու համար սովորական պաղպաղակի կոն չի օգտագործվում։ Ընկերության հիմնադիրը բացահայտել է, որ սուրճի «գավաթը» ավելի ամուր եւ դիմացկուն դարձնելու համար այն պատում են չորս շերտ շոկոլադով։ Բայց սա երկար եւ դանդաղ ըմպելու սիրահարների համար չէ, քանի որ սուրճը լցնելուց հետո խմելու համար ունեք ընդամենը 3 րոպե։

Այո, դժվար է դիմանալ գայթակղությանը։ Արդյունքում այս յուրօրինակ սուրճի գնորդները ավելանում, իսկ  լուսանկարները քամու արագությամբ տարածվում են Instagram-ում։

 

Պատրաստեց՝ Յանա

Աղբյուրը՝ Daily mail



© NEWS.am STYLE