Անգամ, երբ մտածում ենք, թե սպասելիքներ չունենեք, մենք միեւնույն է սպասում ենք ինչ-որ բանի. Այսօր ծնվել է Շառլ Ազնավուրը

12:08   22 մայիսի, 2016

Ֆրանսիահայ նշանավոր շանսոնյե Շառլ Ազնավուրն այսօր տոնում է ծննդյան 92-ամյակը:

Ազնավուրն ամբողջ աշխարհում Հայաստանի դեմքն ու խորհրդանիշն է համարվում: Տաղանդավոր երաժիշտն իր հայտնիության միջոցով աշխարհին է ներկայացնում Հայաստանը, մեր մշակույթն ու Հայոց ցեղասպանության փաստը: Նրա աշխարհահռչակ հիթերն են Isabelle, She, La Boheme, Une Vie D'Amour, որը զուգերգ է հայտնի երգչուհի Միրեյ Մատյոյի հետ:

Ազնավուրը նաեւ հայտնի է մի շարք ֆիլմերից` «Կրակեք դաշնակահարի վրա», «Արարատ», «Արկածներ որոնողները», «Գլուխը պատին» եւ այլն:

Չնայած իր հռչակին` երաժիշտը շարունակում է մնալ նույն համեստ եւ հասարակ հայը, որով հպարտանում  են իր բոլոր հայրենակիցները եւ որի պատվին կոչել են Երեւանի հրապարակներից մեկը: 

Ազնավուրն ասել է` 

«Երբեք ոչինչ չեմ ունեցել, անգամ իմ տարիները…»:

«Մյուզիքլը ժանր է նրանց համար, ովքեր չեն կարողանում երգել»:

«Անգամ, երբ մտածում ենք, թե սպասելիքներ չունենեք, մենք միեւնույն է սպասում ենք ինչ-որ բանի կամ ինչ-որ մեկին»:

«Կյանքում պետք է ազատվել ցանկացած խառնաշփոթից»:

«Իմ սիրած երգիչը ես եմ»:

«Մենք ժպիտով բաց ենք թողնում մեր մանկությունը` չգիտակցելով, որ երիտասարդությունն էլ է արագ անցնում: Չես էլ հասցնում հասկանալ, թե երբ եւ ինչպես…»

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE