Վլադիմիր Արզումանյանը` ստեղծագործական նորությունների եւ «Եվրատեսիլին» մասնակցելու մասին

12:18   23 մայիսի, 2016

Վլադիմիր Արզումանյանի երկրպագուներին շտապենք ուրախացնել. «Մանկական Եվրատեսիլ 2010»-ի հայ դեսպանն ու հաղթողը շուտով կներկայացնի իր նոր տեսահոլովակը, որը նկարահանվել է «Hopa Hopa» երգի հիման վրա.

«Երգի հեղինակը Վահրամ Պետրոսյանն է, գործիքավորումը կատարել է Դեր Հովան: Տեսահոլովակի ռեժիսորը Գեւորգ Սարգսյանն է: Այն նկարահանել ենք Միացյալ Նահանգներում»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց Վլադիմիրը:

Երգչից հետաքրքրվեցինք նաեւ, թե որտեղ է այժմ բնակվում եւ ինչով է զբաղվում առօրյայում.

«Այժմ ապրում եմ Ստեփանակերտում: Սովորում եմ այնտեղի երաժշտական ուսումնարանում: Արդեն 4-րդ կուրսում եմ, այս տարի կավարտեմ»:

«Մանկական Եվրատեսիլում» Հայաստանին հաղթանակ պարգեւած երգիչն արդեն հասուն երիտասարդ է, սակայն մրցույթի երկրպագուների համար նա նույն Վովան է, որն իր բեմական հմայքով եւ աշխույժ կատարմամբ դեռ երկար կհիշվի «Եվրատեսիլի» պատմության մեջ: Երգիչը խոստովանում է.

«Երբեմն ինքս էլ եմ մտածում «Եվրատեսիլի» մասին: Տարիներ հետո, միգուցե, կրկին մասնակցեմ այդ մրցույթին: Հետեւել եմ նաեւ այս տարվա «Եվրատեսիլին»: Կարող եմ ասել, որ Իվետան շատ ուժեղ ելույթ ունեցավ»:

Բացի այս տեսահոլովակից Վլադիմիրը շուտով այլ նորություններով էլ կներկայանա. «Շուտով կլինեն նորանոր երգեր եւ տեսահոլովակներ»,-ասում է երգիչը:

Մինչ «Hopa Hopa»-ն կլինի եթերում, առաջարկում ենք դիտել դրա թիզերն ու պատկերացնել, թե ինչպիսին է լինելու երգի տեսահոլովակը:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները տրամադրել է Վլադիմիր Արզումանյանը



© NEWS.am STYLE