Էլայջա Վուդը պատմել է Հոլիվուդի մանկապիղծների մասին

13:40   24 մայիսի, 2016

Էլայջա Վուդը հայտնվել է սկանդալի կենտրոնում: 35-ամյա հոլիվուդյան դերասանը հարցազրույց է տվել Sunday Times–ին ու պատմել այն մասին, որ Հոլիվուդում կան մանկապիղծներ, որոնց հովանավորում են ազդեցիկ կինոգործիչներ: «Մատանիների տիրակալը» ֆիլմաշարում Ֆրոդո Բեգգինսի հանրահայտ դերակատարը նշել է, որ անձամբ ինքը այդ խնդրին չի բախվել, բայց գիտի, որ մանկապիղծները սովորաբար հավաքույթներին են «որսում»  մանկահասակ դերասաններին: 

Խոսելով Հոլիվուդում տիրող իրավիճակի մասին՝ դերասանը հիշատակել է BBC հեռուստաընկերության հանգուցյալ հաղորդավար Ջիմմի Սեվիլի հետ նույնատեսակ սկանդալը: Հիշեցնենք, որ հաղորդավարին մեղադրում էին բազմաթիվ բռնաբարությունների համար (սեռական բռնության 103 դեպք էր գրանցվել, Սեվիլի զոհերը 5-ից 75 տարեկան էին), այդ թվում անչափահասների նկատմամբ: Ոստիկանությունը պարզել էր, որ հեռուստահաղորդավարը գրեթե 50 տարի համագործակցել է Առողջապահության նախարարության հաստատությունների հետ՝ քողարկելով իր հանցագործ նպատակները բարեգործական գործունեությամբ ու դրա միջոցով իր համար նոր զոհեր որոնելով:

«Հոլիվուդում էլ է նման մի բան կատարվում: Այդ ամենը կազմակերպված բնույթ ունի: Կինոինդուստրիայում շատ են ստոր մարդիկ, որոնք իրենց նպատակներն են հետապնդում»,- ասել է դերասանը:

Էլայջան նաեւ նշել է, որ այդ ամենը շարունակվում է, որովհետեւ անմեղ զոհերը չեն կարողանում հրապարակավ պատմել այդ մասին, քանի որ վախենում են կինոինդուստրիայում մանկապիղծների ազդեցիկ պաշտպաններից:

Աղբյուր՝ The Telegraph



© NEWS.am STYLE