Ինչպես են սոցցանցերն ազդում ձեր պահվածքի վրա

21:11   25 մայիսի, 2016

Չորս փաստ այն մասին, թե սոցիալական ցանցերն ինչպես են ազդում իրենց օգտատերերի պահվածքի վրա, որ հայտնաբերվել են սոցիոլոգների եւ հոգեբանների կողմից: 

1. Դուք չեք կարող չստուգել ձեր էջը

Իսկ եթե հաղորդագրությո՞ւն է եկել: Հետաքրքիր գրառում կա պատին, որն անհրաժեշտ է արագ կարդալ եւ լա՞յք դնել: Ընկերոջ նոր լուսանկա՞ր կա:  Իրականում դուք այդպես չեք մտածում: Դուք ուղղակի ստուգում եք էջը, որովհետեւ չեք կարող չստուգել այն:   Հետազոտողների կողմից հարցվածների 80 տոկոսը խոստովանել է, որ չի կարող չստուգել էջը գոնե օրական մեկ անգամ: Իսկ հարցվածների մեկ երրորդը դրանով զբաղվում է հիվանդագին կանոնավորությամբ եւ սարսափում է այն մտքից, թե ինչ-որ բան կպատահի իր հաշվին (մեզ թվում է, թե անհամեմատ ավելի շատ բան կպատահի):  Սոցցանցերից հոգեբանական կախվածությունը ոչ պակաս ամուր է, քան ծխողինը` ծխախոտից: Այն նույնիսկ անվանում է ստացել ամերիկացի հոգեբանների կողմից «Facebook Addiction Disorder» (մոտավորապես` «ֆեյսբուքակախվածության խանգարում»):

2. Սոցցանցերը ձեզ ստիպում են խանդել

Նույնիսկ երբ առիթ չկա: Հարցումների արդյունքներով, մարդկանց մեծամասնությունը չի զլանում սոցցանցերում հետեւել իրենց զուգընկերներին: Առավել եւս, որ դա անելն այնքան հեշտ է եւ հարմար: Մի քանի սեղմում, եւ սոցցանցն ինքը ձեզ կներկայացնի ձեր բոլոր պոտենցիալ մրցակիցներին/մրցակցուհիներին. բոլորին, ում լայք է տրվել, բոլոր ընկերներին եւ հնարավոր ընկերներին: Կարելի է շատ գրավիչ հետաքննություն անցկացնել:  Կանգնեք: Իսկ դուք վստա՞հ եք, որ չեք փնտրում այն, ինչ չկա:   Հարցվածների 35 տոկոսը խոստովանել է, որ սոցցանցերի առաջացրած խանդն ի վերջո անհիմն է եղել: Իսկ ահա եւս մեկ տխուր լուր. Ֆեյսբուքն ԱՄՆ-ում 5  ամուսնալուծությունից   1-ի պատճառ է դարձել, իսկ Մեծ Բրիտանիայում` 3-ից 1-ի: Համաձայնեք, վախեցնող թվեր են: 

3. Սոցցանցերը մեզ օգնում են աշխատանքում

Մինչ գործատերերի մեծամասնությունն արգելափակում է աշխատանքային համակարգիչների մուտքը սոցցանցեր, որպեսզի աշխատակիցները չշեղվեն աշխատանքից, հոգեբանները խորհուրդ են տալիս չանել դա: Այն մարդիկ, որոնք աշխատավայրում Ֆեյսբուք կամ Թվիթեր են օգտագործում,  9 տոկոսով ավելի արտադրողական են, քան մյուսները: Սոցցանցում կարճատեւ ընդմիջումները ուղեղին շեղվելու եւ հանգստանալու հնարավորություն են տալիս: Բայց միայն` կարճ ընդմիջումները: 

4.  Սոցցանցերը կարող են մեզ դժբախտ դարձնել

Մարդկանց մեծամասնությունը սոցցանցերն օգտագործում է` պատմելու իր կյանքի դրական կողմերի մասին: Օրինակ, արձակուրդային լուսանկար դնել, գլուխ գովել ինչ-որ իրի գնումով, կատվի վերաբերյալ ծիծաղաշարժ տեսանյութ տեղադրել: Բայց եթե ձեր գործերը վատ  են, սոցցանցերը վայրկենապես բարեկամից թշնամու են վերածվում: Նախանձը, տխրությունը, խնդիրներից բողոքելու անհնարինությունը` հանդիմանվելու վախից. այդ բոլոր զգացմունքներն ընդամենը խորացնում են ճնշվածության տրամադրությունը եւ կարող են դեպրեսիայի հանգեցնել: Հետազոտությունները ցույց են տվել, որ սոցցանցերով չափազանց տարվելը երկարաժամկետ հեռանկարում ձեզ վերածում է նախանձի եւ նվնվանի, նույնիսկ եթե այդ որակները բնորոշ չեն ձեր էությանը: 

 

Աղբյուրը` otvetnavse.com



© NEWS.am STYLE