«Մարդու մսի փաթեթների» տեսքով մերկ ակտիվիստները բողոքի ակցիա են անցկացրել

19:28   25 մայիսի, 2016

Իսպանիայի ամենահայտնի զբոսաշրջային կենտրոնում՝ Բարսելոնում, կենդանիների իրավունքների պաշտպանության համար պայքարող ակտիվիստները բավականին ազդեցիկ բողոքի ակցիա են կազմակերպել։ Ցուցարարները որոշել են պահանջել սովորական քաղաքացիներից, ինչպես նաեւ տեղական իշխանություններից սննդակարգից բացառել միսը, վերջ դնել կենդանիների շահագործմանը եւ շաբաթական գոնե մեկ օր բուսական սննդատեսակներ օգտագործել։

Նրանք պնդում են, որ 60 միլիարդ կենդանի ամեն տարի սպանվում է՝ մարդկանց սնունդ ապահովելու համար, եւ կոչ են անում օգտագործել այնպիսի մթերքներ, որոնք կենդանիների սպանդի հետեւանք չեն։

Ակցիայի շրջանակներում ակտիվիստները համաձայնել են դառնալ «մարդու մսի փաթեթներ», որոնց վրա արհեստական արյուն է ցողված։

Այդպես նրանք ցանկացել են ավելի մեծ տպավորություն եւ ազդեցություն թողնել իսպանացիների,  հատկապես տեղի իշխանությունների վրա։

«Մենք բոլորին կոչ ենք անում միսը թողնել ափսեի մեջ եւ միանալ միլիոնավոր մարդկանց, որոնք հավատում են՝ մեկ օր միս չուտելով հնարավոր է մեծ փոփոխություններ անել։ Հանուն կենդանիների, հանուն մեր մոլորակի, մեր առողջության միսը թողեք ափսեի մեջ»,- բարձրաձայնում են կենդանասերները։

 

Աղբյուրը՝ Daily Mail

 

 



© NEWS.am STYLE