Անժելա Սարգսյանը, Թամարա Պետրոսյանը, Արտաշես Մխիթարյանը, Էմիլ Գալստյանը եւ այլք` «Փորձաշրջան» ֆիլմի պրեմիերային (ֆոտոռեպորտաժ)

10:15   26 մայիսի, 2016

Երեկ` մայիսի 25-ին, «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ Քաջայր Հակոբյանի «Փորձաշրջան» սիրային կատակերգության պրեմիերան:

Ֆիլմի գլխավոր հերոսները Միքայելն ու Լիլիթն են, որոնք փորձաշրջան են անցնում  տուրիստական գործակալություններից մեկում։ Արդյունքում Միքայելի եւ Լիլիթի միջեւ աշխատանքի համար պայքար է ստեղծվում, որը հետագայում վերածվում է այլ զգացմունքի:

«Ֆիլմի մտահաղացումը ծնվել է պրոդյուսեր Արա Հովհաննիսյանի կողմից դեռ մեկ տարի առաջ: Ֆիլմը հիմնականում անգլերեն եւ ռուսերեն լեզուներով է, քանի որ գլխավոր հերոսներն աշխատում են տուրիստների հետ: Այնտեղ կա եւ սեր, եւ դաժանություն եւ կատակերգություն, սակայն սերն առաջին պլան է մղված: Կարծում եմ` մեր սպասելիքները կարդարանան այն դեպքում, երբ հեռուստադիտողը, իսկապես, ցանկանա դիտել այս ֆիլմը: Դրա համար պետք է ամեն ինչ հստակ ներկայացնել եւ ճիշտ մատուցել սցենարը»,-ասում է ռեժիսոր Քաջայր Հակոբյանը:

Գլխավոր հերոսուհուն` Լիլիթին, մարմնավորող Թամարա Պետրոսյանը պրեմիերային փայլում էր ոչ միայն իր տեսքով, այլեւ ոգեւորությամբ.

«Տպավորություններս շատ դրական են: Ինձ շատ է դուր գալիս այս ֆիլմի ֆորմատը: Այն արված է քնարերգության մեջ: Ողջունելի է այն փաստը, որ Հայաստանում եւս նման ֆիլմեր են նկարահանվում: Ինչ վերաբերում է սպասելիքներիս` դրանք շատ սուբյեկտիվ են: Ամենամեծ սպասելիքս հեռուստադիտողի կողմից ֆիլմի հավանությունն է»,-ասում է դերասանուհին` խոստովանելով, որ նկարահանման ընթացքում բախվել են թե հումորային դեպքերի, թե դժվարությունների հետ.

«Դժվարություններից կարող եմ նշել սառը պայմաններում նկարահանվելը»:

Ի տարբերություն Թամարայի` դերասանուհի Անժելա Սարգսյանը չի բախվել եղանակային սառը պայմաններին, քանի որ նրա մասնակցությամբ տեսարանները հիմնականում նկարահանվել են փակ տարածություններում.

«Դեռ չեմ մարսել այս ֆիլմը: Եւս մեկ-երկու անգամ կնայեմ, որպեսզի ավելի հստակ տպավորություն կազմեմ դրա մասին: Բարի ֆիլմ է, որը հարմար է ընտանեկան դիտման համար»,-մեզ հետ զրույցում նշեց դերասանուհին, որը ֆիլմում մարմնավորում է տուրիստական գործակալության տնօրենի կնոջը:

Ուշադրոթյան կենտրոնում էր նաեւ գլխավոր հերոս Միքայելին մարմնավորող Արտաշես Մխիթարյանը, որը մեզ հետ զրոյցում եւս կիսվեց իր տպավորություններով.

«Իմ հերոսը հանգիստ անձնավորություն է, որն իր տեղն է ցանկանում գտնել այս կյանքում եւ, փաստորեն, գտնում է նաեւ իր երկրորդ կեսին: Ինչ վերաբերում է ֆիլմին` բավարարվել արած աշխատանքով ես չեմ կարող: Պետք է անընդհատ աշխատել, փնտրել, գտնել եւ ավելի հավաստի լինել»,-ասում է դերասանը:

«Փորձաշրջան» ֆիլմի պրոդյուսերը Արա Հովհաննիսյանն է, սցենարի հեղինակ` Մհեր Հովհաննիսյան: Ֆիլմում բացի Արտաշեսից, Թամարայից եւ Անժելայից` նկարահանվել են նաեւ Գրիշա Աղախանյանը, Կայա Խուրշուդյանը, Էմիլ Գալստյանը, Արսեն Հակոբյանը, Գեւորգ Չուլյանը եւ այլք:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE