Քայլի Մինոգը նշում է ծննդյան տարեդարձը․ Փոքրամարմին երգչուհու մեծ հաջողությունները

13:02   28 մայիսի, 2016

Ավստրալացի երգչուհի եւ երգերի հեղինակ Քայլի Մինոգն այսօր նշում է ծննդյան 48-ամյակը։ Փոքրամարմին եւ ցածրահասակ երգչուհին (Քայլիի հասակը 152 ամ է) հայտնիություն ձեռք բերեց «Հարեւանները» հեռուստասերիալից հետո՝ որպես դերասանուհի։

Քայլին երգչուհու կարիերան սկսել է բրիտանացի հեղինակների՝ հայտնի տրիո Սթոքի, Այթքենի եւ Ուոթերմենի հետ ծանոթանալուց հետո։ Այս համագործակցության արդյունքում Մինոգը չէր դադարում հայտնվել ամենահեղինակավոր հիթ-շքերթներում։ Սակայն 90-ականների սկզբին երգչուհու կարիերան սկսեց կտրուկ անկում ապրել, ինչը հանգեցրեց նրան, որ հայտնի եռյակը դադարեց համագործակցել նրա հետ։

Մի քանի տարի շարունակ երգչուհին ինքնուրույն կարիերա սկսեց․ նա թե երգեր էր գրում, թե զբաղվում էր իր երաժշտական ոճով։ Շուտով Քայլին նոր համագործակցություն է սկսում deConstruction ընկերության հետ։ Եւ կրկին երգչուհու առաջ բացվում են հաջողության դռները։

2001 թ-ին լույս տեսավ երգչուհու Fever ալբոմը, որը BBC-ի վարկածով համարվել է վերջին տասնամյակի 50 լավագույն ձայնասկավառակներից մեկը։

Քայլին հազարավոր կանանց կողմից հիացմունքի արժանացավ, երբ հաղթահարելով քաղցկեղը շարունակեց ստեղծագործել եւ ոգեշնչման աղբյուր դառնալ հազարավոր մարդկանց համար։

Երգչուհու հայտնի հիթերից են՝ «Can’t Get You Out of My Head», «Slow», «In Your Eyes», «Chocolate», «Red Blooded Woman», «Love at First Sight», «Spinning Around» եւ այլն։

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE