Սլովենիան չի մասնակցի «Մանկական Եվրատեսիլ 2016»-ին

11:40   28 մայիսի, 2016

«Մանկական Եվրատեսիլ 2016»-ի նախապատրաստական աշխատանքները կատարելիս մրցույթի կազմակերպիչ Եվրոպական հեռարձակողների միությունը (ԵՀՄ) հայտարարեց, որ կատարվել են մի շարք փոփոխություններ։ Նախ  հայտնի դարձավ, որ «Մանկական Եվրատեսիլին» կարող են մասնակցել 9-14 տարեկան երեխաները (նախկինում՝ 10-15 տարեկանները)։ Այնուհետեւ կատարվեց ժամային փոփոխությունը, ըստ որի՝ այս տարի մրցույթը կանցկացվի կեսօրին (ոչ երեկոյան, ինչպես նախորդ տարիներին)։ Եվ վերջապես ամենակարեւորը՝ մրցույթից հանվեց հեռուստադիտողների քվեարկությունը. այժմ քվեարկության վերջնական արդյունքը կլինի պրոֆեսիոնալ եւ երեխաներից կազմված ժյուրիների քվեարկության գումարը՝ 50/50 հարաբերակցությամբ։

Պարզվում է, որ ժամային փոփոխությունը եւ ոչ կայուն վիճակը բարկացրել է մասնակից պետություններից Սլովենիային, որը հայտարարել է «Մանկական Եվրատեսիլ 2016»-ին չմասնակցելու մասին, հայտնում է Wiwibloggs-ը։

Հիշեցնենք, որ այս տարի մրցույթը կկայանա նոյեմբերի 20-ին Մալթայի մայրաքաղաք Վալետայում «Մանկական Եվրատեսիլ 2015»-ի հաղթող, Մալթայի ներկայացուցիչ Դեսթինիի շնորհիվ։

 

 



© NEWS.am STYLE