Ջոնի Դեպի փաստաբանը պատասխանել է Էմբեր Հերդի մեղադրանքներին

16:27   28 մայիսի, 2016

Եվ այսպես, 52-ամյա Ջոնի Դեպը ու 30-ամյա Էմբեր Հերդը արդեն երեք օր է գտնվում են համաշխարհային մամուլի ուշադրության կենտրոնում: Էմբերը դիմել է դատարան եւ ապահարզան է պահանջում՝ Ջոնիին մեղադրելով ընտանեկան բռնության մեջ. ի դեպ, նրան արդեն հաջողվել է դատարանի միջոցով արգելել իր ապագա նախկին ամուսնուն մոտենալ իրեն:

 

Մինչ Ջոնին զվարճանում է Պորտուգալիայի մայրաքաղաքում, դերասանի փաստաբան Լաուրա Վասսերը պատասխանել է Էմբերի մեղադրանքներին.

«Հերդը այս ձեւով ընդամենը փորձում է իրեն ներկայացնել որպես զոհ, որպեսզի հնարավորինս շատ գումար ստանա ամուսնալուծության ժամանակ: Իր հայտարարություններով Հերդը փորձում է այնպես անել, որ ֆինանսական ապահովման մասին որոշումը դատարանը վաղաժամ կայացնի»,-ասում է Վասսերը՝ նկատի ունենալով այն փաստը, որ դատարանը նախնական լսումների ժամանակ հրաժարվել է Հերդին Դեպի կողմից ֆինանսական աջակցություն ապահովել: Վասերը նաեւ ավելացրել է.

«Մոտենալու վերաբերյալ դատական արգելքի մասին նրա պահանջը, նաեւ նրա ֆինանսական պահանջները ըստ երեւույթին այս ամուսնալուծության նկատմամբ լրատվամիջոցների բացասական արձագանքի պատասխանն են: Բայց Ջոնին դեռ չի կարողանում պաշտպանել ինքն իրեն կամ Էմբերին լրատվամիջոցներից, իսկ Էմբերի բարկությունից այս գործընթացը չի շահի: Էմբերը հաջող մոդել է ու դերասանուհի, որն իր սեփական եկամուտն ունի, այնպես որ նա միանգամայն ի վիճակի է ինքն իրեն ապահովել»։

Ի դեպ, Հերդի պատմությունն այն մասին, որ Դեպը իր դեմքին հեռախոս է շպրտել, այդքան էլ միանշանակ  չէ, որքան սկզբում էր թվում: Լոս Անջելեսի ոստիկանության աշխատակիցները հայտնել են, որ երբ դերասանուհու ահազանգից հետո ժամանել են Ջոննիի տուն, այնտեղ բռնության որեւէ ապացույց չեն գտել:

«Մենք չենք գտել ապացույցներ, որոնք հնարավոր կլիներ օգտագործել հաշվետվության մեջ: Սպաները քննության արդյունքներով եզրակացրել են, որ հանցագործություն չի եղել»:

Աղբյուր՝ Daily Mail



© NEWS.am STYLE