Ջոն Սնոուի դերակատար Քիթ Հարինգթոնը քննադատել է տղամարդկանց նկատմամբ սեքսիզմը

13:34   31 մայիսի, 2016

«Գահերի խաղը» սերիալի երկրպագուները պաշտում են Ջոն Սնոուին, որը վեցերորդ եթերաշրջանում, պարզվեց, ողջ առողջ է: Դերասան Քիթ Հարինգթոնը, որը մարմնավորում է հերոսին, Sunday Times Magazine-ին տված հարցազրույցում քննադատել է տղամարդկանց նկատմամբ սեքսիզմի դրսեւորումները:

«Իհարկե կինոինդուստրիայում բարգավաճում է սեքսիզմը կանանց նկատմամբ, բայց տղամարդիկ նույնպես դրանից տառապում են: Ես հաճախ եմ բախվում դրան, օրինակ ֆոտոշարքի նկարահանումների ժամանակ, երբ ինձ խնդրում են հանվել: Գիտեք, եթե ես իմանայի, որ այդ դերը ինձ միայն իմ արտաքինի համար են տալիս, ես կհրաժարվեի այդ աշխատանքից: Ես ուզում եմ համարել, որ ես ավելի շատ բան եմ ինձնից ներկայացնում, քան գեղեցիկ դեմքը, մարմինն ու սանրվածքը: Ստորացուցիչ է, երբ քեզ ընկալում են միայն որպես ցանկության օբյեկտ»,- հայտնել է դերասանը:

«Ինձ թվում է, երկակի ստանդարտները ակնհայտ են: Եթե աղջկան հարցնեք՝ կարո՞ղ եմ քեզ դիմել «քաղցրիկս», ապա նա կմերժի ու միանգամայն իրավացի կլինի: Իսկ այդ դեպքում ի՞նչ կարելի է ասել տղամարդկանց մասին»,- հավելել է դերասանը:

 



© NEWS.am STYLE