Մեր ժամանակ չկար Հյուսիսային պողոտան, սակայն մենք ավելի հետաքրքիր ժամանց էինք անցկացնում. Ժաննա Բուտուլյանի եւ Հայկո Չոմոյանի մանկության հուշերը

15:14   31 մայիսի, 2016

Վաղը` հունիսի 1-ին, բոլոր երեխաները լինելու են ուշադրության կենտրոնում: Երեխաների ամենամյա տոնը, կարելի է ասել, մեկնարկել էր դեռեւս մայիսի 29-ից` NEWS.am-ի բարեգործական ակցիայի շրջանակներում, որին մասնակցեցին նաեւ հեռուստասերիալներից հայտնի դերասաններ Ժաննա Բուտուլյանն ու Հայկո Չոմոյանը:

Սիրված դերասանները մեզ հետ կիսվեցին իրենց մանկության հուշերով եւ բարեմաղթանքներով.

«Մարդը ձեւավերվում է մանկության տարիներին, այնպես որ` երեխաներին պետք է միշտ պաշտպանենք բոլոր հնարավոր վտանգներից, որպեսզի նրանք մեծանան առողջ հոգեբանությամբ եւ երջանիկ լինեն»,-նշեց Ժաննան, որը հունիսի 1-ին հաճախ գնում էր Հաղթանակի զբոսայգի եւ միշտ աշխույժ օր էր անցկացնում.

«Այդ օրը Երեւանի փողոցները մարդաշատ էին լինում: Նույնիսկ մարզերից մարդիկ երեխաների հետ գալիս էին Երեւան»:

Ժաննան աշխարհի բոլոր երեխաներին մաղթեց անհոգ մանկություն եւ ուրախ կյանք:

Դերասանուհու մաղթանքին միացավ նաեւ «Երանի» հեռուստասերիալում Սաշին մարմնավորող Հայկո Չոմոյանը.

«Մեր ժամանակ չկար Հյուսիսային պողոտան, սակայն մենք ավելի հետաքրքիր ժամանց էինք անցկացնում, օրինակ` Հաղթանակի զբոսայգում եւ Մանկական երկաթուղիում»,-հիշում է դերասանը:

Հայկոն բոլոր փոքրիկներին մաղթեց սեր, երջանկություն եւ հորդորեց, որ լավ սովորեն եւ լսեն ծնողներին:

Հիշեցնենք, որ մայիսի 29-ին` Հյուսիսային պողոտայում կայացավ NEWS.am-ի ամենամյա բարեգործական ակցիան, որի շրջանակներում հայտնի մարդիկ Հյուսիսային պողոտայում վաճառեցին պաղպաղակ եւ ձողիկներ:  Ստացված հասույթն այս տարի ամբողջությամբ կհատկացվի ապրիլին Արցախում զոհված զինծառայողների սոցիալապես անապահով ընտանիքներին, որոնցում կան երեխաներ:

Ընդհանուր առմամբ, հանգանակվել է 2մլն 450 հազար դրամ:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE