«Փրկենք երեխաներին հաշմանդամությունից». քայլարշավ երգիչ-երգչուհիների մասնակցությամբ(ֆոտո)

16:45   31 մայիսի, 2016

Երեխաների պաշտպանության օրվան նվիրված «Երեխաներ առանց ցավի» հիմնադրամը կազմակերպում է քայլերթ, որի նպատակն է բարձրաձայնել պատանեկան արթրիտով հիվանդ երեխաների խնդիրները: Այս մասին NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասաց «Երեխաներ առանց ցավի» հիմնադրամի տնօրեն Ռուզաննա Ստեփանյանը:

«Քայլարշավի նպատակն է բարձրացնել հասարակության տեղեկացվածությունը պատանեկան արթրիտի մասին: Վերջինս հոդերի խրոնիկ հիվանդություն է, որով սկսած 2 տարեկան երեխաներից հիվանդանում են: Այն մեծ մասամբ բերում է հաշմանդամության: Այսօր զարգացած երկրներում թանկարժեք դեղորայքներով հնարավորություն կա բուժելու այն: Մեր ակցիայի նպատակն է նաեւ տեղեկացնել պատկան մարմիներին, որ Հայստանում կան 15 երեխաներ, որոնք ունի բուժման կարիք»,- ասաց Ռուզաննա Ստեփանյանը:

Քայլերթին մասնակցելու են նաեւ հայ հայտնի պատանի երգիչ երգչուհիները`Լիդուշիկը, Մեգի Բադիրյանը, Էրիկ Զաքյանը, Դալիթան, Compass Band-ը, Յանա Հովհաննիսյանը, Կարեն Օհանյանը, Միլենա Գեւորգյանը, Էլինա Չոլախյանը, Դավիթ Վարդանյանը, Սյուզի Հարությունյանը, Արման Սիմոնյանը, Եվա Աբրահամյանը, Avan Art-ի երեխաները: Վերջիններիս մասնակցությամբ նաեւ կլինի համերգային ծրագիր: Նախքան միջոցառման իրականացումը երեխաներն ու  երգիչ-երգչուհիները միասին պատրաստեցին պլակատներ՝ տարբեր կարգախոսներով:

Նշենք, որ քայլերթը կմեկնարկի հունիսի 3-ին Կառավարական հ.3 շենքի բակից եւ կշարունակվի Հանրապետության Հրապարակով դեպի Քաղաքապետարան: Քայլերթից հետո «Բեսթ Վեսթերն Կոնգրես» հյուրանոցում տեղի կունենա համերգային ծրագիրը:

Մելինե Տոնոյան



© NEWS.am STYLE