Էրոս Ռամազոտտիի չեղարկված մենահամերգի տոմսերի գումարները կվերադարձվեն սեպտեմբերի 15-ին

21:45   31 մայիսի, 2016

Իտալացի հայտնի երաժիշտ Էրոս Ռամազոտտիի Perfetto համերգային շրջագայության ընթացքում չեղյալ հայտարարված երեւանյան համերգի տոմսերի գումարները կվերադարձվեն սեպտեմբերի 15-ին՝ անկախ նրանից, թե ինչ որոշում կլինի սեպտեմբերի 2-ի դատավարության ժամանակ: Այս մասին NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասել է համերգը կազմակերպող հայկական կողմի՝ «Ֆորպոստարտ Պրոդաքշըն»-ի տնօրեն Զառա Մխեյանը:

«Շատերը մեզ նամակներ են գրում, թե ինչու ենք ուշացնում տոմսեր հետ ընդունելն ու նրանց դրամական փոխհատուցումը: Ասեմ, որ համերգային շրջագայության պայմանագիրը Trident Music Srl պրոդյուսերական ընկերությունը կնքել է ռուսական «Global Communications» ընկերության հետ: Վերոնշյալ պայմանագրի հիման վրա «Global Communications» ընկերությունն էլ կնքել է անհրաժեշտ պայմանագրեր երրորդ անձանց հետ, այսինքն «Ֆորպոստարտ Պրոդաքշըն»-ի հետ, իրականացնել բոլոր անհրաժեշտ գործողությունները՝ Էրոս Ռամազոտտիի Perfetto համաշխարհային շրջագայության շրջանակներում երեւանյան համերգային ծրագրի կազմակերպման համար: Այսինքն՝  համերգի չեղարկման ողջ պատասխանատվությունն ընկնում է իտալական եւ ռուսական կողմերի վրա»,- ասաց Զառան:

Վերջինս նշեց, որ համերգը չի կայացել ոչ միայն Հայաստանում, այլեւ Ռուսաստանում եւ Էստոնիայում, որտեղ նույնպես դեռ տոմսերի գումարը հետ չեն վերադրձվել: Ընդ որում, որոշ քաղաքներում, օրինակ՝ Մոսկվայում, նախատեսված է եղել ոչ թե մեկ, այլ երկու համերգային ծրագիր: Այդքան մեծ քանակությամբ հանդիսատեսից չեղարկված համերգային ծրագրի տոմսեր հետ ընդունելը եւ նրանց դրամական փոխհատուցում իրականացնելը ժամանակատար եւ բարդ գործընթաց է: Հնարավոր չէ բոլոր քաղաքներում միաժամանակ իրականացնել այդ գործընթացը:

«Մենք կապ ենք հաստատել գլխավոր պրոդյուսերական ընկերության հետ եւ պայամանվորվել, որ սեպտեմբերի 15-ին Երեւանում բոլորին հետ կվերադարձվեն տոմսերի գումարները: Մարդիկ կարող են մեր պարշտոնական էջից (www.forpostart.ru) ներբեռնել դիմում-հայտը՝ լրացնել եւ մեզ ուղարկել: Գումարները ստանալու համար պարտադիր են այդ դիմումները: Նախորոք ուղարկված դիմումների ներկայացուցիչներին մենք կտեղեկացնենք, թե որ ժամին կարող են գալ եւ ստանալ գումարը, եթե դիմումները նախորոք չուղարկվեն, ապա պետք է գան եւ առավոտվանից հերթ կանգնեն»,- հավելեց Զառան:

Վերջում նա ավելացրեց, որ «Ֆորպոստարտ Պրոդաքշըն»-ը շուրջ 25 տարի է կազմակերպում է տարբեր համերգային ծրագրեր եւ նման դեպք չի եղել. «Ինչ վերաբերում է Իրինա Ալեգրովայի համերգին, ապա հայտնում ենք Ձեզ, որ երգչուհու` Երեւանում կայանալիք որեւէ համերգ երբեւիցե չեղյալ չի հայտարարվել: 2015-ի մարտի 6-ն կայանալիք համերգը հետաձգվել է երգչուհու վատառողջ լինելու պատճառով եւ 2015-ի մայիսի 23-ին կայացել է ամբողջական եւ պատշաճ կարգով` լեփ-լեցուն դահլիճում: Իսկ այն մի քանի տասնյակ քաղաքացիները, ովքեր ցանկություն չեն հայտնել մասնակցել հետաձգված համերգին, այո, պատշաճ կարգով ստացել են իրենց ձեռք բերած տոմսերի հետ վերադարձի դիմաց փոխհատուցումը»:

Առաջիկայում ընկերությունը պայմանագրեր ունի կնքած մի շարք արտիստների հետ Երեւանում համերգային ծրագրով հանդես գալու համար:

«Ես զայրանում եմ, երբ մարդիկ մեր ընկերության անվան հետ են կապում 10 տարի առաջ մի շարք չեղյալ հայտարարված համերգները: Օրինակ՝ Սառա Քոների համերգը, որը մենք չենք կազմակերպել,- եզրափակեց Զառան:

Մելինե Տոնոյան



© NEWS.am STYLE