Հայաստանում առաջին Base Fest–ը. Օդում միշտ սարսափելի, բայց զարմանալի զգացողություն է

16:32   6 հունիսի, 2016

Աշխարհի ամենաերկար ճոպանուղու՝ Հայաստանի «Տաթեւի թեւերի» (5752 մետր) տարածքում անցկացվում է բեյսջամփինգի փառատոնը՝ Base Fest-2016: Էքստրեմալ սպորտի աննախադեպ փառատոնը հունիսի 5-10-ը Հայաստանում կմիավորի աշխարհի 8 երկրների ավելի քան 60 բեյսջամփերների: Base Fest-ը բացառիկ է նրանով, որ մասնակիցները առաջին անգամ էին ցատկում ճոպանուղու խցերից:

Վեցօրյա փառատոնի նպատակն է Հայաստանում ակտիվացնել զբոսաշրջությունը: Փառատոնին մասնակցելու համար Հայաստան են ժամանել բեյսջամփերներ Ֆրանսիայից, Գերմանիայից, Շվեյցարիայից, Նիդերլանդներից, Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից ու Ավստրալիայից:

38-ամյա ավստրալացի բեյսջամփեր Քեմ Թրեյսիի խոսքով Հայաստանը հրաշալի վայր է այս մարզաձեւի համար: «Դուք գեղեցիկ հովիտ ունեք, որը շրջապատում են գեղեցիկ սարերը: Միշտ սարսափելի է, երբ օդում ես, բայց դա պարզապես զարմանալի զգացողություն է»,- ասաց մարզիկը:


 

Նիդեռլանդներից փորձառու բեյսջամփեր Ռոնալդ Օվերդիքն էլ  իր հերթին հիացմունքով նկատել է, որ Հայաստանում հիասքանչ բնություն է: «Հենց օդապարիկները բացվում են, դու լիցքաթափվում ես, նայում շուրջդ: Իհարկե, պետք է կենտրոնանալ վայրէջքի վրա։ Այստեղ՝ Հայաստանում վայրէջքի դաշտը բավականին մեծ ու հուսալի է»,- շեշտել է Ռոնալդ Օվերդիքը:

Ռուս բայսջամփեր Կիրիլ Ստեպանովը պատմել է Հայաստանի մասին իր  տպավորությունների ու բեյսջամփինգից ստացած աննկարագրելի զգացողությունների մասին: «Այստեղ մեզ շատ դուր է գալիս: Երբ դու ցատկում՝ ինչ- որ անիրական միջավայրում ես հայտնվում: Դու զգում ես օդի ճնշումը: Շատ հետաքրքիր է»:

Նշենք, որ Base Fest կազմակերպել է Go2Armenia զբոսաշրջային ընկերությունը: Ճոպանուղու խցերից ցատկերը հանրահայտ բեյսջամփեր Գլեբ Վորեվոդինի միտքն էր:

Բեյսջամփինգը էքստրեմալ մարզաձեւ  է, որտեղ օգտագործվում է հատուկ օդապարիկ՝ ֆիքսված օբյեկտներից ցատկելու համար. հիմնականում 320 մետր բարձրությունից: B.A.S.E.-ը անգելերեն բառերի հապավում է.

• building (Շենք),

• antenna (ալեհաավաք),

• span (ծածկում),

• earth (Երկիր).

Տաթևիկ Ղազարյան
Նարեկ Տեր-Պողոսյան


© NEWS.am STYLE