Արիանա Գրանդեն նշում է ծննդյան տարեդարձը. Երգչուհու TOP 5 լավագույն հիթերը

12:08   26 հունիսի, 2016

Այսօր իր ծննդյան 23-ամյակն է նշում ամերիկացի երգչուհի եւ դերասանուհի, դեռահասների սիրելի Արիանա Գրանդեն:

Գրանդեի կարիերան սկսվել է «13» մյուզիքլից: Այնուամնայնիվ, ապագա աստղին սկսեցին ճանաչել «Հաղթող Վիկտորիան» եւ «Սեմը եւ Քեթը» հեռուստասերիալների իր կերպարներով:

Բացի դա` դերասանուհին հնչունավորում էր մուլտֆիլմերի հերոսների: Նրա հնչունավորած մուլտֆիլմերից է, օրինակ, Winx Club-ը:

2015 թ-ին սերիալների սիրահարները կրկին տեսան Արիանային էկրաններին: Նա նկարահանվեց «Ճչացող թագուհիները» հեռուստասերիալում` մարմնավորելով Սոնի Հերֆմանին:

Բայց եկեք չմոռանանք, որ Արիանա Գրանդեն ոչ պակաս սիրված է նաեւ որպես երգչուհի: Նրա երաժտական կարիերան ծավալվել է 2011 թ-ից, երբ նա կատարեց «Հաղթող Վիկտորիան» հեռուստասերիալի սաունդթրեքը: Դրան հաջորդեցին նաեւ երգչուհու մյուս հաջող երգերը, որոնք տեղ զբաղեցրեցին Billboard 200 հիթ-շքերթում:

Այսօր էլ հրաշալի առիթ է վերհիշելու Արիանա Գրանդեի ամենահայտնի հիթերից մի քանիսը:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE