Ուկրաինայում նշում են Հայ Աստվածամոր սրբապատկերի 225-ամյակը

12:36   28 հունիսի, 2016

Կիեւում նշում են Հայ Աստվածամոր սրբապատկերի 225-ամյակը:

Բոգդանի եւ Վարվարա Խանենկոյի անվան արվեստների ազգային թանգարանում այս առթիվ ներկայացված է XVI դարի «Օդիգիտրիայի Աստվածամայրը» սրբապատկերի հատուկ ցուցադրությունը, որին հետազոտողները նույնացնում են Հայ Աստվածամոր լեգենդար սրբապատկերի հետ, ինչպես նաեւ «Հայկական ժառանգություն» անվանումով փաստագրական ցուցադրություն:

Ցուցադրության կազմակերպիչներն են Բոգդան եւ Վարվարա Խանենկոյի արվեստների ազգային թանգարանը եւ Ուկրաինայի հայերի միությունը:

Միջոցառմանը մասնակցել են Ուկրաինայում Հայաստանի արտակարգ ու լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը, պրոֆեսոր Ստանիսլավ Կուլչիցկին, փորձագետներ Օլեգ Սահակյանն ու Տիգրան Գրիգորյանը, կինոռեժիսոր Ռոման Բալայանը, հագուստի հայտնի դիզայներ Հայկ Ավանեսյանը, նկարիչ Բորիս Եղիազարյանը, ոճի հարցերով խորհրդական Լաուրա Հովակիմյանը ու հայկական սփյուռքի այլ հանրահայտ ներկայացուցիչներ, գիտնականներ, հասարակական եւ քաղաքական գործիչներ: 

Գիտնականների կարծիքով, Հայ Աստվածամոր սրբապատկերը Ուկրաինայում հայերի ժառանգության ամենապաշտելի մասունքներից է:

Հայտնի է, որ Հայ Աստվածամոր սրբապատկերը պատվել են Կամենեց-Պոդոլսկ քաղաքի քրիստոնեական երեք ծեսերի հավատացյալները` հայերը, լեհերը եւ ուկրաինացիները:

Կամենեց Պոդոլսկից Հայ Աստվածամոր լեգենդար սրբապատկերը, որն անցյալ դարի 20-ականներից կորած էր համարվում, 2011-ին ճանաչվել է մասնագետների կողմից, իսկ 2012-ի հունիսի 27-ին Բոգդան եւ Վարվարա Խանենկոների անվան արվեստների ազգային թանգարանում տեղի է ունեցել սրբապատկերի ներկայացումը: 

Աղբյուր՝ aspekty.net



© NEWS.am STYLE