Դերասան Գրիգոր Սուքիասյանը` ԱՄՆ մեկնելու դրդապատճառների եւ սերիալներում նկարահանվելու մասին

12:08   28 հունիսի, 2016

«Կյանքի գինը», «Սիրո գերին», «Ֆուլ Հաուս», «Աբելի քույրը» եւ մի շարք այլ սերիալներից եւ հեռուստանախագծերից հայտնի դերասան Գրիգոր Սուքիասյանն օրերս հրաժեշտ տվեց ընկերներին եւ մտերիմներին ու մեկնեց ԱՄՆ:

Դերասանի` երկրից հեռանալը բուռն քննարկումների թեմա  դաձավ նրա երկրպագուների համար, որոնց հուզում է մի շատ կարեւոր հարց` արդյոք Գրիգորին այլեւս չե՞նք տեսնելու Հայաստանում եւ հայկական հեռուստասերիալներում:

Այս հարցերի պատասխանները ճշտելու նպատակով NEWS.am STYLE-ը զրուցեց  այժմ Լոս Անջելեսում գտնվող Գրիգորի հետ.

«ԱՄՆ մեկնեցի, որովհետեւ ունեի աշխատանքային հրավեր եւ, իրոք, մեծ ցանկություն կար աշխատելու Հայաստանից դուրս, իսկ Միացյալ Նահանգներում ապրելը վաղուց կայացրած որոշում էր: Սակայն նշեմ, որ պատրաստվում եմ համատեղել ամեն ինչ` բնակվել թե՛ ԱՄՆ-ում, թե՛ Հայաստանում»:

Դերասանն ԱՄՆ-ում դեռեւս հարազատների տանն է բնակվում, սակայն վստահ է, որ շուտով այնտեղ կունենա իր բնակարանը.

«Դեռ նոր եմ տեղափոխվել այստեղ եւ սպասում եմ փաստաթղթերիս պատրաստ լինելուն, որից հետո կկարողանամ աշխատել եւ վարձակալել իմ բնակարանը»:

Գրիգորը նշում է, որ չի պատրաստվում հրաժեշտ տալ հեռուստաեթերին եւ շուտով հեռուստադիտողին կներկայանա նորանոր դերերով.

«Ես այստեղ եմ հենց այդ նպատակով. նկարահանվելն իմ ամենասիրած աշխատանքն է: Դա իմ հոբբին է եւ ես պատրաստ եմ նոր կերպարներով ներկայանալ էկրաններին: Խոստանում եմ երկար չսպասեցնել»:

Գրիգորը նշում է, որ արդեն կարոտում է Հայաստանը.

«Հայաստանը երբեք չեմ մոռանա: Այն իմ հոգու եւ սրտի մեջ է: Կարոտում եմ օդն ու ջուրը, արդեն  կարոտում եմ բոլորին` ընկերներիս, հարազատներիս…Չի բացառվում, որ օրերից մի օր կվերադառնամ իմ հայրենիք, որտեղ ծնվել, մեծացել, ապրել ու սիրել եմ…»

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE