Չինաստանն իր տարածքում արգելել է Լեդի Գագայի երգերը Դալայ Լամայի հետ նրա հանդիպման պատճառով

16:44   28 հունիսի, 2016

Կատարվեց այն, ինչը եւ ենթադրվում էր: Երեկ մենք ձեզ պատմել էինք, որ Լեդի Գագան ու Դալայ Լաման հանդիպել են Ինդիանապոլիսում: Երգչուհին օնլայն համաժողովի շրջանակում Տիբեթի հոգեւոր առաջնորդին հարցեր է տվել, որոնք մարդիկ նրան էին ուղղել սոցցանցերով:

Դալայ Լաման Ինդիանապոլիսում է գտնվում ԱՄՆ Քաղաքապետերի ամենամյա հանդիպման այցելության շրջանակում:

Պաշտոնական Պեկինն արձագանքել է այդ հանդիպմանը: The Guardian–ը հայտնում է, որ Չինաստանը արգելել է երգչուհի Լեդի Գագայի ստեղծագործությունները Դալայ Լամայի հետ նրա հանդիպման պատճառով:

 Չինաստանի Կոմկուսի կենտրոնական կոմիտեի քարոզչության բաժանմունքը թողարկել է «կարեւոր ինստրուկցիա», որը արգելում է Լեդի Գագայի ամբողջ երգացանկը Չինաստանի տարածքում:

Չինական կայքերին ու մեդիա կազմակերպություններին արգելել են հրապարակել կամ տարածել երգչուհու երգերը, իսկ լրատվամիջոցներին, որոնք կուսակցության ենթակայության տակ են գտնվում, կարգադրել են դատապարտել Լեդի Գագայի ու Դալայ Լամայի հանդիպումը:

Մինչ այդ Պեկինը արգելել էր մի շարք կատարողների ելույթ ունենալ Չինաստանում Դալայ լամայի հետ հանդիպելու կամ էլ Տիբեթի բուդդայականների առաջնորդին ու Տիբեթի անկախությանն աջակցելու պատճառով: Մասնավորապես նման արգելված երաժիշտներից են Maroon 5–ը, Բյորքն ու Oasis-ը:

 



© NEWS.am STYLE