Մարինե Հակոբյանը՝ BigSky 2016 միջազգային ջազ փառատոնի արծաթե մեդալակիր

14:01   28 հունիսի, 2016

Հունիսի 24-ին ու 25-ին Մոսկվայում կայացել է BigSky 2016 ջազ մրցույթի եզրափակիչ մասը «Լավագույն վոկալիստ» անվանակարգում: Երկու մրցութային օրերին KolosovArtSteps բեմին ելույթ են ունեցել եզրափակիչ դուրս եկած 13 մասնակիցներ: Հաղթող է ճանաչվել Էրիկ Լեյթհոյզերը Գերմանիայից:

Էրիկը ստացել է գլխավոր մրցանակը՝ պատվոգիր Costa Del Jazz միջազգային ջազ փառատոնին մասնակցության համար, որն անցնելու է Իսպանիայում, սեպտեմբերին: Նրան է բաժին հասել նաեւ JazzMedia պրոդյուսերական կոնցեռնի հատուկ մրցանակը:

Երկրորդ տեղում հայտնվել է հանդիսատեսի ու ժյուրիի անդամներից շատերի համակրանքը շահած Մարինե Հակոբյանին: Նա ստացել է «Հանդիսատեսի համակրանք» մրցանակը, նաեւ հատուկ դիպլոմ ու «Big Sky մրցույթի Լեդի ջազ» տիտղոսը: Ամենաոճային ու անկրկնելի վոկալի համար Մարինեն ստացել է նաեւ մրցանակ մրցույթի ինֆորմացիոն գործընկեր Մարիա Տրետյակովայից՝ «Մեդիամետրիքս» ռադիոկայանց:

Ժյուրիի անդամ, գերմանական Jazz Media կոնցեռնի ղեկավար Յան Ֆրիցը, որը հայ մասնակցին առավելագույն գնահատական է տվել, հայտնել էր, որ տպավորված է Մարինեի վոկալ տվյալներով ու  մտադիր է նրան առաջարկել համագործակցություն ու մասնակցություն եվրոպական փառատոններին:



© NEWS.am STYLE