Ո՞վ է լինելու «Ոսկե ծիրան 2016»-ի հատուկ հյուրը

14:35   29 հունիսի, 2016

«Ոսկե ծիրան 2016» Երեւանի միջազգային կինոփառատոնի շրջանակում Հայաստան կժամանի անգլիացի հայտնի դերասանուհի, «Ոսկե գլոբուսի» մրցանակակիր Ժակլին Բիսեթը։ Այս մասին հայտնի դարձավ այսօր՝ հունիսի 29-ին, կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

«Այս աշխարհահռչակ դերասանուհին նկարահանվել է այնպիսի անվանի դերասանների կողքին, ինչպիսիք են՝  Մարչելո Մաստրոյանին, Ֆրենկ Սինատրան եւ այլք։ 2010 թ-ին Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին նրան անվանել է կինոդեմք։ Ժակլինը նաեւ ստացել է բոլոր ժամանակների ամենագեղեցիկ կնոջ կոչումը»,-նշեց փառատոնի միջազգային բաժնի ղեկավար Տաթեւիկ Մՙանուկյանը։

Խոսելով արտամրցութային ծրագրերի մասին՝ Տաթեւիկը նշեց.

«Փառատոնն ամեն տարի մեծ տեղ է տրամադրում արտամրցութային ծրագրերին, որոնք տարվա լավագույն ֆիլմերն են՝ ներկայացված լավագույն տեխնիկայով։ Սրանք այն ֆիլմերն են, որոնք տարբեր փառատոնների ընթացքում արժանացել են մրցանակների»։

Ըստ «Ոսկե ծիրանի» հիմնադիր տնօրեն Հարություն Խաչիկյանի՝ չնայած մի շարք դժվարություններին՝ փառատոնը շարունակում է գտնվել կինոսերների ուշադրության կենտրոնում.

«Փառք Աստծո մեր թիմը կարողացավ հաղթահարել դժվար ժամանակներն ու ընտրել լավագույն ֆիլմերը՝ կարողանալով Հայաստան հրավիրել ոլորտի մասնագետներին։ Իսկ ժյուրիի ղեկավարը կլինի Տիգրան Մանսուրյանը, որին երկար բանակցություններից հետո համոզեցինք, որ գլխավորի մեր ժյուրիի կազմը»,-նշեց Հրությունյանը՝ տեղեկացնելով, որ ժյուրիի կազմում կլինեն նաեւ Իրանից, Ֆրանսիայից, Բուլղարիայից, Գերմանիայից եւ այլ երկրներից ժամանած դերասաններ ու ռեժիսորներ։

«Ոսկե ծիրան» Երեւանի միջազգային 13-րդ կինոփառատոնն այս տարի կանցկացվի հուլիսի 10-17-ը․ փառատոնը նվիրված կլինի ՀՀ անկախության 25-ամյակին։

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE