Ռիհաննայի բացօթյա համերգը Մանչեսթերում դժգոհության ալիք է բարձրացրել

15:54   30 հունիսի, 2016

Երգչուհի Ռիհաննային դեռ չի հաջողվում գրավել բրիտանացիների սերն ու համակրանքը։ Սկզբում  Լոնդոնում երգչուհու համերգը տխրահռչակ դարձավ նրանով, որ Ռիրին «Ուեմբլի համերգասրահի նույնիսկ կեսը չէր հավաքել, իսկ հիմա Մանչեսթերում կայացած համերգի մասին են բողոքներ հնչում։

Պարզվում է, որ երգչուհու բացօթյա համերգի աղմուկն այնքան մեծ է եղել, որ նույնիսկ 10 մղոն հեռավորությամբ ապրող բրիտանացիները չեն կարողացել հանդուրժել այն։ Իսկ ինչ են անում բարկացած բրիտանացիները։ Իհարկե, սկսում են գրառումներ կատարել սոցցանցերի էջերում։

«Ռիհաննա՛, քո սարսափելի համերգը անհանգստացրեց գրեթե ամբողջ Մանչեսթերը։ Ոչ բոլորս ենք ցանկանում արթուն մնալ քո բարձրացրած աղմուկի պատճառով», - գրել է օգտատերերից մեկը՝ ավելացնելով «տհաճություն» հեշթեգը։

«Երբեք նման աղմուկ չեմ լսել այստեղից 10 մղոն հեռավորության վրա», բողոքել է մեկ ուրիշը։

Իսկ ոմանք էլ չեն կարողացել հանդուրժել Ռիհաննայի ձայնը եւ դիմել են տեղական պարբերականին.

«Աղմուկն անտանելի է։ Մենք շատ հեռու ենք, սակայն լսում ենք ամեն ինչ։ Պատուհանները փակ են, բայց ձայնը դեռ լսվում է տանը։ Հարեւանները դուրս են եկել տեսնելու, թե ինչ է կատարվում»,- պատմել է բնակիչներից մեկը։

Ի դեպ, համերգին ներկաները հնարավորություն են ունեցել նաեւ լսելու ռեփեր Դրեյքին, որի հետ արդեն երկրորդ օրն է Ռիհաննան ժամանակ է անցկացնում մինչեւ ուշ գիշեր։  

 

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE