Եղանակի տեսության կրքոտ հաղորդավարուհին մասնակցելու է Ռուսաստանի Պետդումայի ընտրություններին

11:10   1 հուլիսի, 2016

Այո, Չելյաբինսկը հայտնի է ոչ միայն իր խստապահանջ տղամարդկանցով եւ ընկող ու փշրվող երկնաքարերով (չէ՞ որ երկնաքարը սարսափած նայում էր, թե ինչպես է իրեն մոտենում Չելյաբինսկը), այլեւ եղանակի տեսության կրքոտ հեռուստահաղորդավարուհի Լարիսա Սլադկովայով, որը հիմա որոշել է մասնակցել Պետդումայի ընտրություններին:

«СТС-Չելյաբինսկ» հեռուստաալիքով եղանակի տեսություն վարող Լարիսա Սլադկովան որոշել է քաղաքական կարիերա անել՝ Պետդումայի ընտրություններին առաջադրելով իր թեկնածությունը «Կենսաթոշակառուների ռուսաստանյան կուսակցության» կողմից: Հուլիսի սկզբին հայտնի կդառնա արդյոք նրա անունը կընդգրկվի թեկնածուների վերջնական ցուցակում, թե ոչ:

«Сплетник»-ը գրում է, որ Սլադկովան հայտնի է դարձել եթերում իր արտասովոր պահվածքով ու հագուստների ընտրությամբ: Լարիսան նախընտրում է եղանակի մասին պատմել բիկինիով՝ պատկերավոր ու զգայական ձեւով ցուցադրելով, թե որոշ երկրներում ինչ շոգ է լինելու: Աշխատանքին իր մոտեցումը նա բացատրում է հեռուստադիտողին զվարճացնելու ցանկությամբ՝ ասելով որ նրանք արդեն հոգնել են մյուս հեռուստաալիքներով եղանակի տեսության չորուցամաք մատուցումից:

Էքսցենտրիկ հաղորդավարուհին հեռուստատեսությունում հայտնվել է իր իսկ խոսքով պատահաբար՝ տեսել է քաստինգի հայտարարությունն ու որոշել է փորձել բախտը:



© NEWS.am STYLE