Սոֆի Դեւոյան կրտսերը՝ հեռուստասերիալներում նկարահանվելու եւ իր նախասիրությունների մասին

11:24   1 հուլիսի, 2016

Հայկական հեռուստասերիալների երկրպագուները շատ լավ են ճանաչում երգչուհի Զարուհի Բաբայանի դստերն ու Սոֆի Դեւոյանի թոռնուհուն` Սոֆի Դեւոյան կրտսերին: Փոքր տարիքում Սոֆին նկարահանվել է հայտնի սերիալներից մի քանիսում` «Որբերը», «Հրեշտակների դպրոցը», իսկ վերջերս էլ նրան տեսանք «Ճամբարում» գեղարվեստական ֆիլմում: Այժմ գեղեցկուհին 15 տարեկան է.

Ինչո՞վ է զբաղված Սոֆին այս շրջանում եւ արդյո՞ք առաջիկայում կտեսնենք նրան հեռուստասերիալներում: Հարցերի պատասպանները ճշտեցինք անձամբ նրանից.

«Նկարահանվելու առաջարկներ ունեմ, սակայն արդեն սովորում եմ 10-րդ դասարանում եւ դեռեւս պարապմունքերով եմ զբաղված:»,-նշեց Սոֆին, որը բացի դպրոցական առարկաներից նաեւ կիթառ է նվագում, եւ, իհարկե, պարում է: Դերասանուհի-պարուհին արդեն հստակ կողմնորոշվել է մասնագիտության հարցում.

«Բնականաբար, ցանկանում եմ գնալ տատիկիս ճանապարհով, դառնալ պարուհի: Արդեն 12 տարի է պարում եմ: Պարի բոլոր ոճերն էլ սիրում եմ,  բայց նախընտրում եմ հայկականը»:

Սոֆիից հետաքրքրվեցինք` արդյոք մայրիկի գեներից չի ժառանգել.

«Ոչ, չեմ երգում: Անկեղծ ասած՝ սեր չունեմ երգելու հետ, բայց պարել շատ եմ սիրում»:

Դե իհարկե, չէինք կարող անտեսել նաեւ ամռան ամենակարեւոր եւ հաճախակի հնչող հարցերից մեկը. ինչպե՞ս եւ որտե՞ղ է գեղեցկուհին պատրաստվում անցկացնել իր ամառային հանգիստը.

«Դեռ չենք որոշել, թե ինչպես ենք հանգստանալու ամռանը, բայց կարծում եմ` ամեն տարվա նման  կմեկնենք արտերկիր: Կարեւոր չէ, թե որտեղ ես հանգստանում, կարեւորն այդ հանգիստը ընտանիքի եւ սիրած մարդկանց հետ անցկացնելն է»:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE