Քրիստինե Պեպելյանի անակնկալ ելույթն ու տարբեր ազգերի պարերը` «Ամարաս»-ի հաշվետու համերգի ժամանակ (ֆոտոռեպորտաժ)

11:14   7 հուլիսի, 2016

Երեկ` հուլիսի 6-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կայացավ «Ամարաս» պարի խմբի հաշվետու համերգային ծրագիրը, որին մասնակցում էին խմբի տարբեր սերունդների պարողները:

Հայկական, ռուսական, ուկրաինական, իսպանական, հունական…Աղջիկները ներկայացրեցին տարբեր մշակույթների պարեր.

«Ամեն տարի` արձակուրդից առաջ, ունենում ենք հաշվետու համերգ. Բավականին մեծ աշխատանք ենք տարել, ամբողջ ծրագիրը թարմացված է: Ներկայացնում ենք տարբեր երկրների գեղեցիկ բեմադրություններ»,-ասում է համույթի ղեկավար Վիկա Մարտիրոսյանը, որը, ելնելով իր կարգավիճակից (Վիկան սպասում է երկրորդ բալիկին), չէր պարում երեկ, սակայն աղջիկներից առավել հուզված էր.

«Ավելի լավ է պարես ու չզգաս այս ամենը, իսկ հիմա իմ լարվածությունը շատ մեծ է, բայց վստահ եմ, որ շատ լավ է անցնելու ամեն ինչ, որովհետեւ լավ ենք պատրաստված»,-նշում է նա:

Ի դեպ, ելույթ ունեցավ նաեւ Վիկայի դստրիկը` փոքրիկ, բայց արդեն սիրված երգչուհի Նանուլը, որը ոչ միայն պարեց, այլեւ իր կատարմամբ ուրախացրեց հանդիսատեսին: Անակնկալի տեսքով ելույթ ունեցավ նաեւ «Ամարաս»-ի ամենամտերիմ բարեկամը` երգչուհի Քրիստինե Պեպելյանը, որն էլ եզրափակից երեկվա համերգը.

«Շնորհավորում եմ Վիկա Մարտիրոսյանին, որն անկախ ամեն ինչից չի դադարում աշխատել եւ չի շտապում արձակուրդի գնալ: Նա իմ ամենաաշխատասեր ընկերուհիներից է»,-նշեց երգչուհին:

Ինչ վերաբերում է «Ամարաս»-ի առաջիկա նորություններին, ապա Վիկա Մարտիրոսյանի խոսքով` դրանք կլինեն արդեն սեպտեմբերին:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE