Բելգիահայ երգչուհի Keyoh-ը` ծննդյան խնջույքի եւ սիրելիի անակնկալի մասին

12:17   12 հուլիսի, 2016

Բելգիայում բնակվող հայ երգչուհի Keyoh-ը երեկ նշում էր ծննդյան տարեդարձը: Նրան ուղղված բազմաթիվ շնորհավորանքներին միացանք նաեւ մենք եւ ճշտեցինք երգչուհու ծննդյան օրվա ամենահետաքրքիր մանրամասները.

«Ուղիղ ժամը 12-ին ինձ զանգահարեցին Հայաստանում բնակվող փոքրիկ  զարմուհիներս` Անուշիկն ու Մանեն եւ որպես նվեր ինձ ուղարկեցին իրենց կողմից պատրաստված բացիկները: Ինձ դա այնքան հուզեց, որ հետո թաքուն արտասվեցի»,-պատմում է երգչուհին, որի նվերների մեջ երեկ գերաշկռում էին վարդերը:

«Հիմնականում ինձ նվիրել են նոր տանս համար նախատեսված պարագաներ. Այնտեղ կտեղափոխվենք ամուսնանալուց հետո: Բայց ամենայուրահատուկ նվերը ստացել եմ փեսացուիցս` Ջեյսոնից: Մի անգամ նրան ասել էի, որ շատ կցանկանայի ունենալ ոսկե վանդակ, որտեղ կլինեին թռչուններ: Ահա, թե ինչով նա ինձ անակնկալի բերեց առավոտյան եւ նաեւ նվիրեց վարդերով զարդարված գեղեցիկ մի տուփ»:

Իր ծննդյան տարեդարձը KeyOh-ը նշել է ընտանիքի անդամներ հետ:

«Դե գիտեք` հայկական ավանդական ձեւով եմ նշել ծնունդս` խորոված, կենացներ… Սակայն ծննդյանս երեկույթը կնշենք հուլիսի 17-ին` քույրիկիս հետ միասին, քանի որ այդ օրն էլ նրա ծննդյան տարեդարձն է եւ մենք միշտ այն միասին ենք տոնում: Կարծում եմ` այգում մի երկույթ կկազմակերպենք եւ կհրավիրենք մեր մտերիմ ընկերներին ու հարազատներին»:

Ինչպես շատ հոբելյարներ` Keyoh-ը եւս երազանք է պահում ծննդյան օրը.

«Բայց երազանքիս մասին այսօր չեմ խոսի. չէ՞որ,  այդպես այն չի կատարվի»:

Երգչուհու համար կատարյալ են այն ծննդյան տոները, որոնք նա նշում է ընկերների եւ ընտանիքի անդամների հետ.

«Նրանք ամեն ինչ անում են, որ օրս անմոռանալի անցնի: Այս տարի էլ շատ հատուկ օր ունեցա` դրական փոփոխություններով լի…»

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE