Քրիստինե Պեպելյանը` Փարիզում կայանալիք հայկական մրցանակաբաշխության, ակնկալիքների եւ առաջիկա նորությունների մասին

12:01   19 հուլիսի, 2016

Երգչուհի Քրիստինե Պեպելյանը վերջերս իր երկրպագուներին տեղեկացրեց, որ մարտ ամսին մասնակցելու է Armenian Europe Music Awards Paris մրցանակաբաշխությանը, որը տեղի է ունենալու առաջին անգամ: Փարիզի Զենիթ համալիրում կայանլիք այս մեծամասշտաբ մրցանակաբաշխության եւ դրա նախապատրաստական աշխատանքների մասին հետաքրքիր զրույց ունեցանք Քրիտինեի հետ, որը ոչ միայն կիսվեց մրցանակաբաշխության մանրամասներով, այլեւ մեզ պատմեց իր առաջիկա նորությունների մասին.

-Քրիստինե, ինչպե՞ս եւ ո՞ւմ կողմից ստացաք Armenian Europe Music Awards Paris 2017 մրցանակաբաշխությանը մասնակցելու հրավեր:

-Հրավերը ստացա Փարիզից` պրոդյուսերներից մեկի կողմից: Մրցանակաբաշխությունը կազմակերպում են երեք պրոդյուսերական ընկերություններ ` Anna Karolina, Armen Adrian եւ Shahbazian Production-ները:

-Հետաքրքիր է` ո՞ր անվանակարգերում եք ներկայացված եւ ովքե՞ր են լինելու Ձեր մրցակիցները:

-Դեռեւս տեղյակ չեմ, թե որ անվանակարգերում եմ լինելու ներկայացված, նաեւ չգիտեմ, թե ովքեր են լինելու ինձ հետ նոմինացված: Ժամանակի ընթացքում ամեն ինչ պարզ կդառնա:

-Իհարկե, կարծես թե, դեռ բավականին շատ ժամանակ ունեք նախապատրաստվելու համար, բայց արդեն հասցրե՞լ եք մտածել, թե ինչպիսին է լինելու Ձեր ելույթը եւ որ երգով եք ներկայանալու այդ օրը:

-Իրականում ժամանակ եւ կա, եւ չկա, քանի որ այս կարգի մրցանակաբաշխությունների պարագայում մի քանի ամիսն այնքան էլ երկար ժամանակ չէ, բայց, իրականում, քիչ էլ չէ: Ամեն ինչ կհասցնենք անել: Դեռ չեմ որոշել, թե ինչ երգ եմ երգելու, որովհետեւ մինչեւ մարտ ամիս ժամանակ կունենամ կողմնորոշվելու: Կախված է նաեւ նրանից, թե մինչեւ այդ ինչ կհասցնեմ անել: Դեռ այնքան էլ հստակ ինֆորմացիա չունեմ մրցանակաբաշխության աշխատանքների վերաբերյալ:

-Տեղյակ ե՞ք` Ձեզանից բացի էլ ովքեր են ներկայացված լինելու մրցանակաբաշխությանը:

-Ինձանից բացի` շատ մասնակիցներ կլինեն Հայաստանից, կարծում եմ` նաեւ Սփյուռքից: Սա հայկական մեծամասշտաբ մրցանակաբաշխություն է, որը առաջին անգամ է մեկնարկելու: Հուսով եմ, որ այն շատ հետաքրքիր ու հիշարժան կլինի մասնակիցների, կազմակերպիչների եւ հանդիսատեսի համար: Առայժմ տեղյակ եմ, որ լինելու ենք ես եւ Սիրուշոն: Համոզված եմ, որ կան երգիչներ, որոնք առաջիկայում կմիանան մեզ:

-Քրիստինե, ի՞նչ ակնկալիքներ ունեք տվյալ մրցանակաբաշխությունից:

-Եթե շատ անկեղծ լինեմ, կասեմ, որ առաջին հերթին ակնկալում եմ լավ ժամանակ անցկացնել այնտեղ, իմ աշխատանքային պատմության մեջ ունենալ եւս մեկ հետաքրքիր եւ լավ դրվագ: Թե ինչ կլինի հետո, ինչ նոմինացիայում կլինեմ, չեմ կարող ասել: Իհարկե, մրցանակ ստանալը հաճելի է, սակայն ինձ համար ավելի կարեւոր է, թե ինչ կհասցնեմ անել մինչեւ մրցանակաբաշխությունը, ինչքան կհասցնեմ աշխատել: Եթե այս ընթացքում հասցնեմ աշխատանքներ ներկայացնել, ուրեմն մի քանի նոմինացիաներում ներկայանալու շանսերն ավելի մեծ կլինեն…

-Առաջիկայում կա՞ն այլ նորություններ` երգի կամ տեսահոլովակի տեսքով:

-Առաջիկայում նոր երգեր ունեմ, որոնք սպասում են իրենց ձայնագրման հերթին: Մի քանիսն արդեն ձայնագրել եմ: Շուտով կներկայացնեմ նոր տեսահոլովակ: Կարծում եմ` դա կլինի աշնան սկզբին, քանի որ ամռանը շատերը հանգստանում են: Ինչ վերաբերում է ինձ` ես դեռեւս աշխատում եմ, ամառային արձակուրդի ծրագրեր առաջիկայում չունեմ: Հուսանք` հանգստի մի քանի օր կկարողանամ վայելել, բայց այս ընթացքում շատ աշխատանքներ կան, որոնք պետք է ավարտին հասցնեմ:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` Քրիստինե Պեպելյանի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE