Թեյլոր Սվիֆթի ընկերուհին հարձակվել է Քանյե Ուեսթի վրա՝ հրապարակելով թվիթ նրա դստեր մասին

14:04   19 հուլիսի, 2016

Երեկ Քիմի ու Թեյլորի միջեւ աստղային պատերազմը համաշխարհային պարբերականների գլխավոր թեման էր:

Նորից հիշեցնենք, որ երեկ երեկոյան Քիմ Քարդաշյանը ցնցեց բոլորին՝ իր Snapchat –ում հրապարակելով ամուսնու՝ ռեփեր Քանյե Ուեսթի ու Թեյլոր Սվիֆթի հեռախոսազրույցի ձայնագրությունը այդ նույն հռչակավոր Famous երգի մասին: Քանյեն իր նոր հիթում մի քանի տողով անդրադարձել էր Թեյլոր Սվիֆթին՝ նրան անվանելով «պոռնիկ», ինչը բնականաբար այդքան էլ դուր չէր եկել երգչուհուն:

Քիմը վստահեցնում է, որ Թեյլորը նախապես տեղեկացված էր երգի մասին ու հիմա պարզապես իրեն զոհ է ներկայացնում, իսկ երգչուհին հայտարարում է, որ Քանյեն աշխարհով մեկ խայտառակել է իրեն: Այս բանավեճին միացել է նաեւ Սելենա Գոմեսը, որը որոշել է պաշտպանել իր ընկերուհուն՝ Թեյլոր Սվիֆթին:

Հետո համացանցում հայտնվեցին այդ թեմայով մեմեր KimExposedTaylorParty (Քիմը Թեյլոր Սվիֆթի համար հավաքույթ է կազմակերպել) հեշթեգով:

Բայց Թեյլորի թիմը հիմա կատակելու տրամադրություն չունի, քանի որ երգչուհու փաստաբանները պահանջում են ոչնչացնել ձայնագրությունը:

Թեյլոր Սվիֆթին խայտառակելու գործին է միացել նաեւ բրիտանացի հանրահայտ լրագրող Փիրս Մորգանը, որը երգչուհուն մեղադրել է ստի մեջ:

Իսկ հիմա Թեյլորի պաշտպանությանն է լծվել Աբիգեյլ Անդերսոնը, որը չգիտես ինչու որոշել է թվիթ գրել Քիմի դստեր մասին՝ «Ես աղոթում եմ քո դստեր համար» վերնագրով։ Բայց Թեյլորի լավագույն ընկերուհին արագ ջնջել է գրառումը, քանի որ բարկացած բաժանորդները սկսել են հանդիմանել նրան, ոմանք էլ խոստացել են սպանել նրան:

Հրապարակման ամբողջական տեքստը հետեւյալն է .

«Աստված իմ, լսիր իմ աղոթքները ... Ես աղոթում եմ, որ աստված օգնի քո դստերը հասկանալ, որ որքան էլ նրա հայրը մյուս կանանց «պոռնիկ» անվանի, ինքը նրանցից մեկը չէ: Ես աղոթում եմ, որ նրա հայրը հավատարիմ լինի նրա մորը, չնայած բոլոր այն կեղտոտ մեկնաբանություններին, որ իրեն թույլ է տալիս: Հույս ունեմ, որ նա կհասկանա, որ «պոռնիկը» ընդամենը արտահայտչամիջոց է նրա հոր համար, ու չկա տղամարդ, որը այդպես է մտածում: Ես աղոթում եմ, որ աստված ների նրան: Թող աստված ների քեզ, քո կնոջը այն բանի համար, ինչ դուք անում եք ուրիշների հետ, ու թող նման բաներ չկատարվեն հենց քո աղջկա հետ»:

Հետո աղջիկը հավելել է. «Ես միշտ պաշտպանելու եմ Թեյլորին»

Բայց երբ գրում ես նմանն մի բան Քանյե Ուեսթին, դու պետք է պատրաստ լինես, որ ֆանատների բանակը աշխարհով մեկ կհայհոյի քեզ, ինչն էլ հենց կատարվել է, քանի որ համարձակ աղջիկը հանկարծ սկսել է ջնջել իր թվիթները ու վերջում էլ հայտարարել, որ իր կյանքին սպառնում են:

Աղբյուր՝ Daily Mail

 

 



© NEWS.am STYLE