Համբերությանս բաժակն արդեն լցվում է. Ադրիանա Գալստյանը` իր անունով բացված կեղծ էջերի մասին

19:45   19 հուլիսի, 2016

Արդեն խոսել ենք այն մասին, որ հայտնի մարդիկ հաճախ են դառնում սոցիալական ցանցերում իրենց անունով բացված կեղծ էջերի զոհեր: Օրեր առաջ Մարինկա Խաչատրյանը մեզ հետ կիսվեց իր անունով բացված էջի պատճառով առաջացած խնդիրներով, այսօր նմանատիպ պատմության մեջ է հայտնվել նաեւ դերասանուհի Ադրիանա Գալստյանը:

Ադրիանան NEWS.am STYLE-ին տեղեկացրեց, որ իր նկարներով եւ անունով բացված էջը Facebook-ում եւ Odnoklassniki.ru-ում, իսկական, խառնաշփոթ է առաջացրել իր ընկերների եւ ծանոթների շրջանում.

«Ես, պարզապես, խնդրում եմ իմ ընկերներին, մտերիմներին եւ երկրպագուներին, որ եթե իմ անունով եւ լուսանկարներով որեւիցե մեկը տարօրինակ բովանդակությամբ հաղորդագրություններ իրենց ուղարկի, չպատասխանեն դրանց, քանի որ դա ես չեմ»,-նշում է դերաանուհին, որին տխրեցնում են օգտատերերի նման արարքները.

«Նախկինում էլ են եղել դեպքեր, երբ իմ անունով կեղծ էջեր են բացել եւ գրել ծանոթներիս, սակայն այս անգամ համբերությանս բաժակն արդեն լցվում է: Ընկերներս ասում են, որ իմ անունից հայհոյանքներ եւ վատ խոսքեր են իրենց գրում` փորձելով ներկայանալ, որ դա հենց ես եմ: Նույն բանը կատարվում է նաեւ Odnoklassniki.ru կայքում, երեւի մտածում են, որ այնտեղ գրանցված չեմ, հետեւաբար, ինձ չեն հասնի այդ ստոր արարքները, սակայն երբ գրում են իմ ծանոթներին, այդ ամենի մասին, բնականաբար, ես էլ եմ իմանում»:

Դերասանուհին նշեց, որ ամեն գնով փորձելու է պարզել, թե ովքեր են այդ կեղծ էջերի հեղինակները եւ վերջ դնել նմանօրինակ արարքներին:

Սյունե Առաքելյան

Լուսանկարը` Ադրիանա Գալստյանի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE