Արթուր Գուրունլյանը` Լոնդոնում կայացած Armenian Street Festival-ի անակնկալների եւ Իվետա Մուկուչյանի ելույթի մասին

12:08   22 հուլիսի, 2016

Օրեր առաջ` հուլիսի 17-ին, Լոնդոնում կայացավ Armenian Street Festival միջոցառումը, որի նպատակն էր վեր հանել հայկական մշակույթն ու սերտ կապեր ստեղծել Լոնդոնում բնակվող մեր հայրենակիցների միջեւ: Այս մասին NEWS.am STYLEարդեն պատմել է իր ընթերցողներին:

Ինչպե՞ս է անցել փառատոնն, ի՞նչ անակալներ են եղել ընթացքում ու ինչպե՞ս են հավաքվածներն ընդունել «Եվրատեսիլ 2016»-ի մեր ներկայացուցչին` Իվետա Մուկուչյանին. այս հարցերի պատասխանները ճշտելու նպատակով կապ հաստատեցինք Բրիտանիայում հայտնի պարուսույց Արթուր Գուրունլյանի հետ, որն այս տարի եղել է փառատոնի ստեղծագործական ղեկավարը.

«Սա, ուղղակի, հրաշալի իրադարձություն էր: Օրն, իսկապես, ստացված էր: Արարողությունը սկսվեց օրհնությամբ, որն իրականացրեց Սրբազան Հովակիմ Մանուկյանը: Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան ջութակահար Լեւոն Չիլինգարյանը, «Կոմիտաս» երգչախումը, «Ախթամար» թատերախումբը եւ տաղանդավոր Գեւորգ Կարապետյանը, որը բոլորին երջանկացրեց իր դուդուկի հնրչյուններով»,-NEWS.am STYLE-ին պատմեց հայտնի պարողը` ավելացնելով, որ բոլորի համար, իսկական, անակնկալ է եղել հաղորդավարուհի եւ դերասանուհի Նազենի Հովհաննիսյանի ներկայությունը:

«Նա միակն է եւ անկրնելին: Ես նրան շատ եմ սիրում: Նա եւ մեր մյուս հանդիսավարները` Նուրիցա Մաթոսյանն ու Կարինե Պետրոսյանն աննկարագրելի պրոֆեսիոնալիզմով ներկայացրեցին ամբողջ միջացառումը»: 

Արթուրին խնդրեցինք նաեւ խոսել Իվետա Մուկուչյանի ելույթի մանրամասների եւ հանդիսատեսի արձագանքի մասին.

«Ի՞նչ կարող եմ ասել Իվետայի մասին: Նա գեղեցիկ է, համեստ, տաղանդավոր, շատ հիանալի կատարող է:  Հենց նա բեմ բարձրացավ, բոլորը քարացան, որպեսզի վայելեին նրա գեղեցիկ ձայնն ու ամբողջ էներգետիկան: Նա կատարեց հինգ երգ եւ հանդես եկավ «Արի յար 2» երգի ֆանտաստիկ կատարմամբ եւ, իհարկե, իր ելույթն ավարտեց Love Wave երգով, որը բուռն ընդունվեց հանդիսատեսի կողմից»: 

Ստեղծագործական ղեկավարն ավելի քան գոհ է փառատոնի արդյունքից.

«Շատ շնորհակալ եմ Դիք Պետրոսյանին եւ Սրբազան Հովակիմ Մանուկյանին` ինձ այս տարվա փառատոնի մի մասնիկը դարձնելու համար: Սա մի փառատոն է, որը ոչ միայն միավորում է հայկական համայնքի, այլեւ տարբեր ազգությունների եւ մշակույթների ներկայացուցիչներին: Հրաշալի է այն փաստը, որ մենք աշխարհին ցույց ենք տալիս, որ լինելով փոքր ազգ` շատ ուժեղ ենք, երբ միավորված ենք»:   

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` Արթուր Գուրունլյանի եւ Վահագն Գուլաքյանի



© NEWS.am STYLE