«Վամպիրի օրագրերը» հեռուստասերիալի աստղ Փոլ Ուեսլին նշում է ծննդյան 34-ամյակը

15:34   23 հուլիսի, 2016

Ուրիշ էլ ո՞վ, եթե ոչ այս խորհրդավոր արտաքինով եւ մտահոգ հայացքով երիտասարդը պետք է մարմնավորեր  «Վամպիրի օրագրերը» հեռուստասերիալի գլխավոր հերոսին` Ստեֆան Սալվատորեին:  Հեռուստասերիալի մեկնարկից անմիջապես հետո Փոլ Ուեսլին իր ձեռքերում արդեն պահում էր հազարավոր երկրպագուհիների սրտեր:

Այսօր սիրված սրտակերը նշում է ծննդյան 34-ամյակը:

«Վամպիրի օրագրերի» երկրպագուներին առաջարկում ենք հետեւել մեր հոդվածին, որը նվիրված է Փոլ Ուեսլիին:

Փոլի ամբողջական անունը Պավել Թոմաս Վասիլեվսկի է. այստեղից էլ պարզ է դառնում, որ ամերիկացի դերասանն ունի լեհական ծագում:

Բացի վերը նշված հեռուստասերիալից` Ուեսլին նկարահանվել է նաեւ մի շարք այլ ֆիլմերում, որոնցից են` «Ընկածը», «Կապույտի ներքո», «Ջրահարսը», «Ամերիկյան երազանքներ», «Երիտասարդ Արթուրը» եւ այլն:

2014 թ-ին Փոլը նկարահանվեց «Մինչեւ ես կանհետանամ» ֆիլմում, որի պրոդյուսերական աշխատանքներով եւս զբաղվել է դերասանը:

Ուեսլին ակտիվորեն խաղում է նաեւ ներկայացումներում: Նա եղել է Շեմ Բիթերմանի  «Զգայուն Մաշկը» հայտնի պիեսի գլխավոր դերակատարը:

Ինչ վերաբերում է Փոլի անձնական կյանքին` նշենք, որ 2007 թ-ին դերասանը հանդիպում էր դերասանուհի Թորի Դեվիտոյի հետ. միասին նրանք նկարահանվել են Killer Movie ֆիլմում: Թորին նաեւ նկարահանվել է «Վամպիրի օրագրերի» մի քանի էպիզոդներում: Սերիալների երկրպագուները Դեվիտոյին տեսել են նաեւ «Փոքրիկ խաբեբաները» ամերիկյան հեռուստասերիալում, որտեղ նա մարմնավորում է Մելիսային:

2011 թ-ին կայացավ դերասանների սպասված հարսանիքը, սակայն գեղեցիկ զույգի ամուսնությունը երկար պատմություն չունեցավ: Նրանք ամուսնալուծվեցին 2013 թ-ին:

Գեղեցկադեմ դերասանը, սակայն, երկար միայնակ չմնաց: Շուտով նա «Վամպիրի օրագրերը» հեռուստասերիալի նկարահանման հրապարակում հանդիպում է գեղեցկուհի Ֆոեբ Տոնկինին: Նրանց սիրավեպը սկիզբ առավ 2013 թ-ի սեպտեմբերից:

Փոլ Ուեսլին մինչ օրս շարունակում է նկարահանվել «Վամպիրի օրագրերում»: Այնպես որ` երկրպագուները Ուեսլիին, կարծես թե, դեռ երկար են տեսնելու խորհրդավոր վամպիրի կերպարում:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE