Ռիհաննան ֆանատներին արգելել է իր համերգների ժամանակ Pokemon GO խաղալ

11:04   26 հուլիսի, 2016

Դե ինչ, ժամանակի պահանջներին համընթաց ...

Pokemon GO հավելվածը, ըստ երեւույթին նյարդայնացնում է Ռիհաննային: 28-ամյա բարբադոսցի գեղեցկուհին իր ֆանատներին արգելել է Pokemon GO խաղալ համերգների ժամանակ, նաեւ պահանջել է, որ հանդիսատեսը հաղորդագրություններ չուղարկի իրենց ընկեր-ընկերուհիներին:

Ռիրին այդ մասին հայտարարել է ֆրանսիական Լիլում համերգի ժամանակ, որը օրերս է կայացել նրա ANTI World Tour շրջագայության շրջանակում (շրջագայությունը սկսվել է մարտի 12-ին ամերիկյան Ջեքսոնվիլեում, իսկ եվրոպական մասը բացվել է հունիսի 17-ին Ամստերդամում տված համերգով: Շրջագայությունը կտեւի մինչեւ նոյեմբերի վերջը):

«Ես չեմ ուզում տեսնել, թե ինչպես եք դուք ձեր ընկեր-ընկերուհիներին հաղորդագրություններ ուղարկում: Չեմ ուզում տեսնել, ինչպես եք պոկեմոններ որսում»- հայտարարել է բեմից Ռիհաննան:

Նշենք, որ ԱՄՆ-ում Pokemon GO –ն ճանաչվել է բոլոր ժամանակների ամենապոպուլյար բջջային խաղը:

Pokemon GO-ն լրացուցիչ իրականության տարրերով համալրված խաղ է Android եւ iOS հիմքով գաջետների համար: Խաղացողները քաղաքով մեկ շրջում են սմարթֆոններով, փնտրում պոկեմոնների, որսում դրանք վիրտուալ պեկոբոլներով ու մարտնչում մյուս թիմերի դեմ՝ նորանոր վայրեր նվաճելու համար:

Աղբյուրը՝ EOnline



© NEWS.am STYLE