Եթե մեկին սիրում ես, պետք է ամեն ինչ անես նրան հասնելու համար. Մհեր Գեւորգյանը` «Երանի» հեռուստասերիալի իր կերպարի մասին

15:05   26 հուլիսի, 2016

«Երանի» հեռուտասերիալի երկրպագուները շարունակում են լարված հետեւել իրենց սիրելի հերոսների` Անիի եւ Արամի ճակատագրին: Մինչ շատերը սպասում են, թե երբ է, վերջապես, միավորվելու իրենց սիրելի զույգը, ֆիլմում հայտնվում են նոր հերոսներ, որոնք փորձում են խանգարել այդ իրողությանը: Այդպիսի կերպարներից է, օրինակ, Նարեկը, որն ամեն գնով փորձում է նվաճել Անիի սիրտը:

Նարեկի կերպարի եւ նրա հետ ընդհանրությունների մասին զրուցեցինք վերջինիս մարմնավորող դերասան Մհեր Գեւորգյանի հետ: 

-Մհեր, ի՞նչ մասնագիտություն ունես:

-Մասնագիտությամբ ապագա ատամնաբույժ եմ: Դերասանական կրթություն չունեմ, սակայն նախկինում էլ նկարահանվել եմ գովազդներում եւ տեսահոլովակներում:

-Ինչպե՞ս ստացար «Երանի» հեռուստասերիալում նկարահանվելու առաջարկ:

-«Երանի»-ում նկարահանվելու առաջարկը ստացել եմ Individuum Casting-ի շնորհիվ: Հետագայում անցել եմ քասթինգն ու ընտրվել այդ դերի համար:

- Դատելով քո կառուցվածքից` սպորտով էլ ես հետաքրքրված: Ինչ-որ սպորտաձեւով զբաղվե՞լ ես:

-Մինչեւ «Երանի»-ում նկարահանվելը զբաղվում էի բռնցքամարտով, բայց հիմա ցավոք սրտի` չեմ հասցնում:

-Հեռուստադիտողները, սովորաբար, բացասական են վերաբերվում այն կերպարներին, որոնք կանգնում են իրենց սիրելի հերոսների միջեւ: Տվյալ դեպքում` Նարեկը հենց այդպիսի կերպար է. ի՞նչ արձագանքներ ես ստանում սերիալի երկրպագուների կողմից:

-Եթե անկեղծ` ավելի հաճախ ստանում են դրական արձագանքներ: Նամակներում գրում են, որ ֆիլմում լավ եմ խաղում եւ իմ գործը լավ եմ կատարում: Բայց, բնականաբար, նաեւ շատ մեկնաբանություններ եմ տեսնում, որտեղ մարդիկ բացասական են վերաբերվում Նարեկի կերպարին:)

 

-Նարեկն ամեն ինչ անում է իր սիրած աղջկան հասնելու համար: Իրական կյանքում այդ գծով նմա՞ն ես քո մարմնավորած հերոսին:

-Բնականաբար, եթե մեկին սիրում ես, պետք է ամեն ինչ անես նրան հասնելու համար, բայց միակողմանի ցանկացած բան երկար չի տեւում:

-Ինչպե՞ս կցանկանայիր, որ ֆիլմում դասավորվեր քո հերոսի ճակատագիրը:

-Կցանկանայի, որ Նարեկը հանդիպեր իրեն գնահատող մեկին :)

-Հեռուստասերիալում նկարահանվող դերասաններից ո՞ւմ հետ ես ավելի մտերիմ:

-Ում հետ, որ աշխատում եմ, բոլորի հետ էլ մտերիմ եմ:

-Հետագայում ինչպիսի՞ հերոսների կցանկանայիր մարմնավորել:

-Ինչպիսի դեր էլ լինի, ինձ համար նորություն է լինելու, այնպես որ` ինչ-որ կոնկրետ դեր մարմնավորելու ցանկություն չկա:

-Մհեր, «Երանի»-ն առաջին հեռուստասերիալն է, որտեղ նկարահանվել ես: Այս ընթացքում նոր նախագծերում նկարահանվելու առաջարկներ ստացե՞լ ես:

-Այո, առաջին դերս է:) Ոչ, այս ընթացքում առաջարկներ չեն եղել:

-Խոսենք ամառային հանգստից: Արդեն հասցրե՞լ ես վայելել հանգիստդ:

-Ոչ, չեմ հասցրել հանգստանալ ու երեւի չեմ էլ հասցնի, քանի որ նկարահանումները դեռեւս շարունակվում են:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE