Մի օր անգամ չեմ փոշմանել որոշմանս համար. մոտոցիկլետով Նարեկ Մակարյանը` NEWS.am STYLE-ի ֆոտոշարքում

12:08   2 օգոստոսի, 2016

«Ուրիշի հոգին» հեռուստասերիալի ավարտից հետո երկրպագուները Նարեկ Մակարյանին տեսան բոլորովին նոր կերպարով: Երգիչը ոչ միայն փոխել է սանրվածքը` կտրելով երկար մազերը, այլեւ իր համար նոր հոբբի է գտել: Այժմ Երեւանի փողոցներում հաճախ կարող եք տեսնել մոտոցիկլետով Նարեկ Մակարյանին:

Երգիչն իր «նոր ընկերոջ» հետ լուսանկարվեց NEWS.am STYLE-ի համար եւ մեզ հետ կիսվեց իր էքստրեմալ նախասիրությամբ:

-Նարեկ, վերջերս թե արտաքինումդ, թե նախասիրություններիդ մեջ մի շարք փոփոխություններ եղան: Սկսենք սանրվածքիդ փոփոխությունից: Ինչո՞ւ որոշեցիր կտրել մազերդ:

-Ուղղակի շատ անսպասելի որոշում էր: Նախ` շատ էի ուզում փոփոխություն կատարել, որովհետեւ հոգնել էի նույն իմիջից: Բավականին երկար ժամանակ մազերս երկար էին եւ պարզապես որոշեցի կարճացնել դրանք: Դա պահի ազդեցության տակ կատարված որոշում էր:

-Շատերը դժվարությամբ են հրաժարվում երկար մազերից: Քեզ մոտ ինչպե՞ս ստացվեց դա:

-Շատ հեշտ, առանց հիստերիաների:) Մի օր անգամ չեմ փոշմանել որոշմանս համար:

-Իսկ ի՞նչ կարծիքներ ես լսել կերպարանափոխությանդ մասին:

-Մի մասը գոհ էին, մի մասը` դժգոհ: Ոմանք ասում են` այսպես է լավ, ոմանք նախկին կերպարս են հավանում: Ես` ինքս, կարծում եմ, որ այսպես ավելի լավ է:

-Լավ, անցնենք քո նոր նախասիրությանը` մոտոցիկլետին…

-Փոքր տարիքից սիրել եմ մոտոցիկլետ: Այնպես ստացվեց, որ մի ֆիլմում պետք է հանդես գայի եւ պետք է մարմնավորեի մոտոցիկլետ վարող մարդասպանի: Այդպես որոշեցի մոտոցիկլետ վարել սովորել: Սովորելու ընթացքն ինձ շատ դուր եկավ եւ ես անհամբերությամբ սպասում էի այդ նկարահանումներին, որոնք, ցավոք սրտի, այդպես էլ չկայացան: Բայց փոխարենը սովորեցի մոտոցիկլետ վարել: Հետո արդեն գնեցի մոտոցիկլետս:

-Սա քեզ համար,  պարզապես,  հոբբի՞ է, թե՞ մոտոցիկլետը դարձել է քո հիմնական փոխադրամիջոցը:

-Բացի մոտոցիկլետից` ավտոմեքենա էլ եմ վարում, բայց կարծում եմ` մոտոցիկլետով ավելի հարմար է երթեւեկել մեր քաղաքում:

-Այլ էքստրեմալ նախասիրություններ ունե՞ս:

-Այո, բայց չեմ ասի…:) Իսկ եթե լուրջ, էքստրեմալ նախպասիրությունն առայժմ մոտոցիկլետն է: Առհասարակ, շատ եմ սիրում սպորտ: Օրինակ, մտածում եմ` ինչ կարելի է անել ձմռանը: Մոտոցիկլետ չեմ կարող վարել... Միգուցե, դահուկասպորտով զբաղվեմ:

-Հետաքրքիր է` ընկերներդ կամ մտերիմներդ երբեւէ ցանկություն չե՞ն հայտնում երթեւեկել քեզ հետ մոտոցիկլետովդ:

-Այո, բայց առանց սաղավարտի չեմ թողնում, որ նստեն մոտոցիկլետ: Առհասարակ, կարծում եմ` վտանգավոր է առանց սաղավարտի երթեւեկությունը: Այնպես որ` եթե մոտս սաղավարտ եմ ունենում, մեծ սիրով ընկերներիս նվիրում եմ այս գերագույն հաճույքը:

-Երբ փողոցում նկատում են մոտոցիկլետով Նարեկ Մակարյանին, ինչպիսի՞ արձագանքներ են լինում:

-Իրականում, չեն նկատում, որովհետեւ ինչպես նշեցի` սաղավարտով եմ երթեւեկում:) Դա հենց մոտոցիկլետի առավելություններից մեկն է, այն որ վարորդը չի երեւում…

-Նարեկ, խոսենք քո աշխատանքային նորություններից…

-Քանի որ հիմա ամառ է, ես կցանկանայի մի փոքր հանգստանալ: Սեպտեմբերից արդեն կսկսեմ աշխատել նոր երգերի եւ տեսահոլովակների վրա:

-Այս տարի քեզ նոր հեռուտասերիալում տեսնելո՞ւ ենք:

-Նոր սերիալների առաջարկներ եղել են, բայց այս տարի հակված եմ ավելի մեծ ուշադրություն դարձնել երգարվեստին, քանի որ նկարահանումները, հատկապես, հեռուստասերիալի նկարահանումները շատ ժամանակատար են: Այս տարի այդ ժամանակս կտրամադրեմ երաժշտությանը:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` Արման Ղարիբյանի



© NEWS.am STYLE