Երգչուհի Աստղիկ Սաֆարյանի համար ամառը, կարծես թե, բավականին հագեցած էր. երգչուհին ներկայացրեց նոր երգեր, «Հայք» խմբի Նարեկի հետ նկարահանեց տեսահոլովակ «Լավն ես» զուգերգի հիման վրա եւ հանդես եկավ որպես ֆոտոմոդել: Էլ ինչո՞վ առանձնացավ այս ամառը Աստղիկի համար: Թեմայի շուրջ զրուցեցինք երգչուհու հետ:
-Աստղիկ, ամառն արդեն մոտենում է ավարտին. հասցրեցի՞ր հանգտանալ այս ընթացքում:
-Երբ ամբողջ օրը զբաղված ես լինում աշխատանքով, մի քանի օրն էլ բավական է լինում, որ կարողանաս հանգստանալ: Այս ամառը շատ աշխատանքային էր ինձ համար, բայց մի քանի օր հատկացրեցի հանգստին: Սկզբում մեկնեցի Աթենք, այնուհետեւ Բարսելոնա: Հետո որոշեցի մեկնել Մոսկվա, կարոտել էի մեր այնտեղի տունը: Հաճելի ժամանակ անցկացրեցի ծնողներիս եւ ընկերներիս հետ:
-Ամառը հագեցած էր քեզ համար նաեւ ֆոտոնախագծերով: Պարզվեց, որ Աստղիկ Սաֆարյանը բավականին հմուտ է նաեւ որպես ֆոտոմոդել: Երբեւէ մտածե՞լ էիր այդ մասնագիտությամբ զբաղվելու մասին:
-Իմ գործունեության ընթացքում երգերից եւ տեսահոլովակներից զատ` հաճախ ներկայացել եմ նաեւ ֆոտոշարքերով: Սակայն վերջին մի քանի տարիների ընթացքում սկսեցի նաեւ հանդես գալ որպես ֆոտոմոդել` ավելի պրոֆեսիոնալ մոտեցմամբ: Այդ գաղափարը ծնվեց Իսպանիայում, երբ բավականին լուրջ մոդելային եւ դերասանական կազմակերպություններից ստացա համագործակցության առաջարկներ: Նրանց հիացմունքն ու հավատն իմ հանդեպ ստիպեցին մտածել այդ ուղղությամբ: Այս աշխատանքին շատ պրոֆեսիոնալ տեսանկյունից եմ մոտենում: Բարսելոնայում գտնվելուս օրերին նկարահանվել եմ մի քանի գովազդային հոլովակներում, իսկ Հայաստանում համագործակցում եմ մի քանի բրենդների հետ, նրանց «դեմքն» եմ համարվում: Փորձում եմ յուրաքանչյուր կերպար եւ ապրանքանիշ ճիշտ եւ պրոֆեսիոնալ կերպով ներկայացնել:
-Աստղիկ, նկատելի է նաեւ, որ հաճախ ես ճամփորդում: Կարծես, թե ճամփորդություններն էլ են դարձել քո առօրյայի անբաժան մասը…
-Այո, սիրում եմ ճամփորդել եւ ուսումնասիրել տարբեր երկրների ապրելակերպն ու մշակույթը: Սիրում եմ սովորել եւ ամեն տեղ փորձում եմ գտնել զարմանալու առիթներ: Կարծում եմ` տարբեր մարդկանցից եւ երկրներից շատ բան կարելի է սովորել` լավը, թե վատը, դա արդեն անհատն է ընտրում:
-Ո՞րն է քո երազանքների երկիրը:
-Կան երկրներ, որտեղ դեռ չեմ եղել, բայց հուսով եմ, որ ժամանակի ընթացքում կայցելեմ: Կան երկրներ, որտեղ որոշել եմ անպայման այցելել ապագայում` միայն սիրելի ամուսնուս հետ, բայց քանի որ դեռ չունեմ ամուսին, դեռ չեմ մտածում այդ ուղղությամբ:)
-Ի՞նչ նորություններով ես հանդես գալու սեպտեմբերից:
-Սեպտեմբերին այնքան նորություններ ունեմ, որ արդեն սկսել եմ հուզվել…Անհամբեր սպասում եմ, թե երբ եմ այս ամբողջ տարվա հսկայական աշխատանքը ներկայացնելու իմ լսարանին: Կլինեն շատ ու շատ նորություններ, որոնցով սիրով կկիսվեմ բոլորի հետ:)
Սյունե Առաքելյան
Լուսանկարները` Աստղիկ Սաֆարյանի Facebook-ի էջից