Ի՞նչ տպավորություններով է վերադարձել Միշան «Մանկական Նոր ալիք»-ից եւ ի՞նչ արձագանքի է արժանացել Ֆիլիպ Կիրկորովի կողմից

14:15   17 օգոստոսի, 2016

«Մանկական Նոր ալիք-2016» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացրեց 8-ամյա Միշան (Միքայել Գրիգորյան): Փոքրիկ, բայց շատ արտիստիկ երգիչը մրցույթին ներկայացել է «Փոքրիկ ղարաբաղցին» եւ Uptown Funk երգերով` արժանանալով ժյուրիի անդամների հիացմունքին եւ բարձր գնահատականներին: Միշան զիջեց միայն Ռուսաստանի ներկայացուցչին` զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը:

Հեղինակավոր մրցույթում տարած հաջողության եւ ստացած տպավորւթյունների մասին հետաքրքիր զրույց ունեցանք Միշայի հետ:

-Միշա, ի՞նչ տպավորություններով ես վերադարձել մրցույթից։

-Մրցույթից ստացած տպավորություններս իրականում շատ են եւ տարբեր: Ինձ դեռ թվում է, որ ես անցնում եմ այդ 14 օրվա մարաթոնը ու դեռ ինչ-որ բան էլի պետք է անեմ՝ փորձ, համերգ, աստղեր եւ այլն, եւ այլն:) Միայն այսօր, տեսնելով Ստեփանակերտը Շուշիի բարձունքից, հասկացա, որ տուն եմ հասել ու շատ ուրախացա: Հիմա կսկսեմ պատմել ընտանիքիս եւ Արցախի ձայնի իմ ընկերներին մրցույթի մասին եւ նորից կվերհիշեմ ամեն մի օրը, հետո ձեզ բոլորին կպատմեմ:)

-Զբաղեցրել ես երկրորդ տեղը՝ ժյուրիի կողմից արժանանալով բարձր գնահատականների ի՞նչ զգացիր, երբ իմացար, որ երկրորդն ես, ոչ թե առաջինը․․․ չէ՞որ այդքան մոտ էիր հաղթանակին։

-Ես իսկապես շատ մոտ էի 1-ին հորիզոնականին: Իմ թիմը ու իմ մարզիչ Լիրա Քոչարյանը միշտ ինձ ասում են, որ ես պետք է լինեմ լավագույնների մեջ, ավելի ճիշտ՝ լավագույնը: Ես փորձել եմ անել հնարավորինը: Իմ երկրորդ մրցութային օրվա երգը փոխվել է մրցույթից 4 օր առաջ եւ ես հասցրեցի նոր երգ սովորել: Մրցում էի ինձանից, գրեթե, երկու անգամ մեծ երեխաների հետ ու փորձում էի չհոգնել, չբողոքել: Ինձ շատ օգնեց այն հանգամանքը, որ մենք Ստեփանակերտում օրական 5-6 ժամ պարապում էինք եւ ես կոփված էի, ուժեղ: Կարծում եմ` ես իմ կողմից արել եմ ամեն ինչ, մնացածը մեծերի որոշումն է՝ ժյուրիի, իսկ ժյուրիի հետ չեն վիճում: Ինձ թվում է հաջորդ մրցույթին ես անպայման կլինեմ առաջինը: Ֆիլիպ Կիրկորովը մրցույթից հետո ինձ ասաց՝ չհավատաս, որ դու երկրորդն ես, իրականում դու ես առաջինը ու դու մեծ արտիստ կդառնաս:)

-Հասցրե՞լ ես ընկերանալ այլ մասնակիցների հետ։

-Այո, իհարկե: Շատ սիրեցի Կորեայի, Մալթայի ներկայացուցիչներին եւ ընդհանրապես բոլորի հետ շփվում էի, չնայած որ փոքր էի, բոլորը ինձ շատ էին սիրում ու ասում. «Миша ты очень круто поешь и работаешь на сцене как настаящий артист».

Ի դեպ, մասնակիցները փորձերի ժամանակ իրար գնահատականներ են դնում եւ բոլոր 14 մասնակիցները ինձ 11 միավոր տվեցին, շատ ուրախացա:

-Ի՞նչ տվեց քեզ մրցույթին մասնակցությունը։

-Սա իմ առաջին միցույթն էր: Հասկացա, թե ինչ է մրցույթը, կանոնները, նկարահանումները, զգացողությունները, երբ դու քո երկիրն ես ներկայացնում, երբ քեզնով քո երկիրն են ճանաչում: Ինձ ասում էին армянский мальчик, мальчик из Карабаха. Հիմա ավելի լավ եմ հասկանում, թե ինչ է մրցույթը եւ ինչու էր պետք օրինակ 15 երգ պատրաստել այն դեպքում, որ մրցույթում պետք է 2 երգ կատարել, ինչու չէր կարելի ամռան այս շոգին կարճ կտրել մազերը եւ էլի շատ բաներ հասկացա:)

-Քեզ այլ միջազգային մրցույթների հարթակներում տեսնո՞ւմ ես։ Է՞լ որ մրցույթին կցանկանայիր մասնակցել։

-Ամենադժվարը երեւի առաջին մրցույթն է: Իմ մարզիչը հիմնականում գոհ է իմ ելույթից, պահվածքից: Ես էլ հավատում եւ վստահում եմ նրան ու պատրաստ եմ էլի աշխատել: Ինձ հրավիրել են մի քանի մրցույթների Եվրոպայում, Ռուսաստանում... տեսնենք...

-Ինչպե՞ս է անցնում առօրյադ «Նոր ալիքից» հետո։ Պատրաստվո՞ւմ ես մեկնել հանգստի։ Եթե այո, որտե՞ղ։

-Դե, ինձ թվում է դեռ օդանավակայանում եմ կամ ավտոբուսներում: Հիմա նոր տուն եմ հասել, բոլորին կարոտել եմ շատ: Մի օրից Արցախի ձայնի մեծ երգիչներից մեկի հարսանիքն է, ամբողջ թիմով գնալու ենք պարենք, երգենք, ուրախանանք: Հետո սկսենք Արցախի անկախության օրվա համերգի փորձերը, հետո՝ դպրոց... Էլ հանգիստ չկա :) Հա մեկ էլ մոռացա, ինձ ուզում են տանեն մեծերի «Նոր ալիք»` որպես հյուր: Միգուցե, գոնե, այդ օրերին կհասցնեմ մի քիչ լողալ, թե չէ մրցույթի ժամանակ մեզ արգելում էին, վախենում էին հիվանդանանք.. Իսկ ես շատ եմ սիրում ծովը:)

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE