Կյանքում ոչ մեկին չեմ ստիպի ինձ սիրել. NEWS.am STYLE-ի «տանջալից» ֆոտոշարքը` դերասան Հայկո Հովհաննիսյանի հետ

12:19   23 օգոստոսի, 2016

Հայկո Հովհաննիսյանին հեռուստադիտողը հաճախ ասոցացնում է բացասական կերպարների հետ: Նույնիսկ, այն դեպքում, երբ նա ոչ այնքան բացասական հերոսների է մարմնավորում, միեւնույն է շատերի համար նա նույնացվում է «Սիրո գերին» հեռուտասերիալի Միկայի հետ:

NEWS.am STYLE-ը որոշեց յուրահատուկ ձեւով «պատժել» Հայկոյին` այս անգամ էլ նրան ներկայացնելով գերու կերպարում: Մեզ այդ հարցում օգնեց մեր համարձակ հերոսուհին, որի դերում հանդես եկավ մոդել Ինգա Սահակյանը:

Նկարահանումներից հետո հետաքրքիր զրույց ունեցանք դերասանի հետ, որն էլ լուսանկարների հետ միասին ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

-Հայկո, կարծես թե, բացասական հերոսների ավելի հաճախ ես մարմնավորում, քան դրական: Այդպիսի դերերի ընտրությունը լինում է քո՞, թե՞ ռեժիսորների ցանկությամբ:

-Դա լինում է թե իմ, թե ռեժիսորների ցանկությամբ:

-Մտավախություն չունե՞ս, որ հեռուստադիտողը քեզ իրական կյանքում էլ կասոցացնի բացասական կերպարի հետ:

-Կա մարդկանց որոշակի զանգված, որ հիմա էլ ինձ նույնացնում են սերիալում մարմնավորած կերպարիս հետ, սակայն ես դրա մեջ խնդիր չեմ տեսնում:)

-Մեր ֆոտոշարքում էլ բացասական կերպար ես, որից ցանկանում է վրեժ լուծել մեր հերոսուհին: Իսկ եղե՞լ են դեպքեր, երբ դու ես ցանկացել առեւանգել որեւէ աղջկա:

-Անկեղծ ասած` այդ ուղղությամբ մտածել եմ ավելի փոքր տարիքում, բայց հիմա վստահ եմ, որ չի կարող նման բան լինել:

-Եթե շատ սիրես մի աղջկա, բայց դա փոխադարձ չլինի, այդ դեպքում կփորձե՞ս նրան փախցնել:

-Ես կյանքում ոչ մեկին չեմ ստիպի ինձ սիրել` առավել եւս փախցնելու տարբերակով:

-Իսկ եղե՞լ են դեպքեր, երբ իրական կյանքում էլ ես քեզ կապված զգացել:

-Այո, եղել են… Երբ խնդիրներ ես ունենում, կապ չունի` տանը, թե աշխատավայրում, քեզ ինչ-որ առումով կապված ես զգում:

-Նկատեցի, որ այսօր փողոցում շատերը ցանկացան լուսանկարվել քեզ հետ. մի՞շտ են այդքան բարեհամբույր քո հանդեպ:

-Մեծամասամբ վատ արձագանքներ եմ ստանում, կամ նրանց հայացքից եմ դա հասկանում, բայց նաեւ կան մարդիկ, որոնք բարեհամբույր են:

-Շատերի մոտ կարծիք է ձեւավորվել, թե Հայկո Հովհաննիսյանը մի փոքր գոռոզ անձնավորություն է: Ինչ ես կարծում` ինչո՞ւ:

-Կան մարդիկ, որոնք իրենց Like-երի կամ ռեյտինգների համար շատ քայլերի են դիմում: Ես այդպիսին չեմ, երեւի դրա համար...

-Ինչպիսի՞ն կցանկանայիր, որ քեզ տեսնեին մարդիկ:

-Այնպիսին, ինչպիսին կամ: Այլ հարց է` կընդունեն ինձ այսպիսին, թե ոչ, բայց անգամ եթե չընդունեն, ոչ մի խնդիր չեմ տեսնում:)

-Հայկո, հաճա՞խ ես դիմում խենթությունների:

-Խենթություններ իմ կյանքում շատ կան, ուղղակի կան մարդիկ, որոնք խենթությունը շփոթում են հիմարությունների հետ եւ սկսում խենթության փոխարեն հիմարություններ անել:

-Բացի սերիալի նկարահանումներից` այլ նորություններ սպասե՞նք քեզանից առաջիկայում:

-Առաջիկայում նորություններ չկան, լինելու դեպքում` առաջինը դուք կիմանաք:)

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` Արման Ղարիբյանի

Մոդել` Ինգա Սահակյան



© NEWS.am STYLE