Շողեր Թովմասյանը` Գրիշա Աղախանյանին հանդիպելու եւ մասնագիտական նոր հաջողությունների մասին

11:50   26 օգոստոսի, 2016

Գրիշա Աղախանյանի գեղեցկուհի կինը` Շողեր Թովմասյանը, մանագիտությամբ դերասանուհի է: Սակայն շուտով Շողերը կստանա եւս մեկ մասնագիտություն: Սեպտեմբերից դերասանուհին շարունակելու է ուսումը Բժշկական համալսարանում: Բոլորովին վերջերս Շողերը սկսեց հանդես գալ նաեւ որպես դիմահարդար:

Մասնագհիտական հաջողությունների եւ անձնական կյանքի մասին զրուցեցինք դերասանուհու հետ:

-Շողեր, եթե չեմ սխալվում, նշել էիք, որ Ձեր մանկության երազանքը բժիշկ դառնալն էր. ինչպե՞ս ստացվեց, որ ընդունվեցիք Երեւանի  թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ:

-Բժշկությունն ինչ-ինչ պատճառներով շարունակական բնույթ չկրեց: Թատերական ընդունվեցի, որովհետեւ սիրում եմ եւ կինոն, եւ թատրոնը, եւ իմ վարպետին` Նիկոլայ Ծատուրյանին:

-Գիտեմ, որ սեպտեմբերից պետք է հաճախեք Բժշկական համալսարան: Ստացվո՞ւմ է իրականացնել այդ երազանքը:

-Այո, Բժշկական համալսարանում ուսումս շարունակելու եմ սեպտեմբերի 1-ից: Ընթացքում հասկացա, որ արհեստն ու արվեստը համատեղելի են ու փոխարինում են մեկը մյուսին:

-Ձեր էջում տեսնում եմ նաեւ, որ հանդես եք գալիս որպես դիմահարդար: Վաղո՞ւց եք զբաղվում այդ մասնագիտությամբ:

-Դիմահարդարումն էլ է արվեստ եւ արհեստ: Իմ կարծիքով յուրաքանչյուր կին պետք է տիրապետի գեղեցիկ դիմահարդարմանը: Մի քանի ամիս է, ինչ զբաղվում եմ դրանով: Մեծ հաճույքով եմ դա անում, քանի որ սիրում եմ գեղեցկությունը: Առանձնապես ժամանակ չի հերիքում, որպեսզի դիմահարդարմամբ գումար վաստակեմ: Դա անում եմ զուտ ինքս ինձ համար, բայց եթե լինում է ժամանակ, սիրով աշխատում եմ:

-Շողեր, համոզված եմ` շատերին կհետաքրքրի` ինչպե՞ս եք ծանոթացել Ձեր ամուսնու` Գրիշա Աղախանյանի հետ:

-Գրիշայի հետ ծանոթացել եմ նկարահանման հրապարակում:

-Կբնութագրե՞ք` ինչպիսի ամուսին եւ հայր է նա:

-Նա շատ լավ հայր է: Մինչեւ մեր երեխայի ծնվելը ես տեսել էի, թե ինչպիսի լավ եւ հոգատար հարաբերությունների մեջ է նա իր մեծ որդու հետ: Երբեք մտավախություն չի եղել, թե նա ինչպիսի հայր կլինի: Մեր տղան փոքր է, երկու տարեկան: Նրա հանդեպ սերն ու հոգատարությունը լրիվ այլ կերպ է արտահայտում` ավելի մեղմ եւ համբերատար: Մեկ-մեկ ասում եմ. «Գրիշ, ջղայնացիր…», բայց նա դա չի անում, հետո հասկանում եմ, թե ինչու… Գրիշան նաեւ լավ ամուսին է` բարի, լավ ու հանդուրժող անձնավորություն: Բոլորս էլ ունենք մեր թերությունները, բայց դա հասկանալ եւ զսպել է պետք:

 -Ի՞նչ ընտանեկան եւ անհատական երազանքներ ունեք:

-Երազաում եմ, որ լինենք առողջ, իսկ երկիրը` խաղաղ…

-Առաջիկայում հնարավո՞ր է` Ձեզ տեսնենք հեռուստաէկրաններին` որպես դերասանուհի:

-Այո, նոր հրավեր ունեմ, շուտով կսկսենք նկարահանումները, բայց դեռ չեմ կարող բացել փակագծերը…

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` Շողեր Թովմասյանի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE