Վաղ տարիքի հայտնիության, սիրավեպերի եւ Մայքլ Ջեքսոնի հետ մտերմության մասին. «Տանը միայնակ» ֆիլմի աստղը նշում է 36-ամյակը

15:05   26 օգոստոսի, 2016

Դժվար, թե այս աշխարհում գտնվի մեկը, որը չի տեսել «Տանը միայնակ» արկածային ֆիլմը: Եւ եթե այն դիտել եք, համոզված ենք` բոլորիդ էլ տպավորել է այն փոքրիկ տղան, որը ջանք ու եռանդ չի խնայում իր տունը կողոպտիչներից պաշտպանելու համար:

Ֆիլմում Մակոլեյ Կալկինն ընդամենը 10 տարեկան էր, իսկ այսօր նա նշում է ծննդյան 36-ամյակը:

Այո, շատ բան է փոխվել դերասանի կյանքում ֆիլմի նկարահանումից հետո: Բայց այդ մասին ներկայացնենք հերթով…

Կալկինը ծնվել է Նյու Յորքում` նախկին դերասանի ընտանիքում: Նկարահանվել սկսել է 4 տարեկանից: Բայց, անխոս, փոքրիկ աստղին մեծ ճանաչում բերեց Քեւին ՄաքՔալիստերի կերպարը:

Նա նաեւ նկարահանվել է «Քեռի Բաքը», «Իմ աղջիկը» եւ այլ ֆիլմերում:

Ինչպես եւ շատերի դեպքում` Մակոլեյի համար եւս վաղ տարիքի հայտնիությունն ունեցավ թե դրական, թե բացասական կողմեր: Իհարկե, լավ էր լինել սիրված եւ արժանանալ հանրության հիացմունքին: Բայց հայտնի լինելը փչացրեց փոքրիկ տղային: Հասունանալով նա սկսեց տարվել վատ սովորություններով` ալկոհոլ, թմրանյութեր, վատ շրջապատ: Նախկին սիրունիկ փոքրիկից վերջին շրջանում, գրեթե, ոչինչ չի մնացել:

1998 թ-ին Կալկինն ամուսնացել է դերասանուհի Ռեյչել Մայների հետ, որին հեռուստադիտողը կճանաչի «Գերբնականը» հեռուստասերիալում Մեգ Մասթերսի դերով: Սակայն զույգն ամուսնալուծվեց 2002 թ-ին:

Կալկինի հաջորդ հայտնի սիրավեպը դերասանուհի Միլա Կունիսի հետ էր: Սակայն այն եւս երկար պատմություն չունեցավ: Այնուամենայնիվ, դերասանները հայտարարեցին, որ իրենք լավ ընկերներ են մնացել:

«Տանը միայնակ» ֆիլմից հետո Մակոլեյ Կալկինը ծանոթանում է Փոփի արքա Մայքլ Ջեքսոնի հետ: Նրանց մեջ ծնվում է մտերմություն, որից հտո խոսակցություններ են տարածվում, թե Ջեքսոնը սեքսուալ ոտնձգության է ենթարկում փոքրիկ դերասանին: Սակայն Կալկինը բազմիցս հերքել է այդ խոսակցությունները` փաստելով, որ ինքը մեկ անգամ չէ, որ գիշերել է հայտնի աստղի տանը, սակայն նրա կողմից երբեք ոչ մի ոտնձգության չի ենթարկվել:

Դերասանի մասնակցությամբ ամենաթարմ ֆիլմը «Ադամ Գրինի Ալադին»-ն է, որի պրեմիերան կայացել է ապրիլին:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE