Այսօր Մայքլ Ջեքսոնը կդառնար 58 տարեկան. Փոփի արքայի TOP 10 լավագույն հիթերը

16:15   29 օգոստոսի, 2016

«Ես սկսում եմ հայելու միջից ինձ նայող մարդուց:

Ես խնդրում եմ նրան փոխել իր հայացքները:

Ոչ մի հաղորդագրություն ավելի պարզ չի կարող լինել…

Եթե ցանկանում ես աշխարհը դարձնել լավ վայր,

Նայիր ինքդ քեզ, նոր միայն կատարիր փոփոխություն»:

Փոփոխություն` ահա թե ինչի մասին էր երգում Մայքլ Ջեքսոնն իր հանրահայտ` Man in the Mirror երգում: Փոփոխություն` մի բան, որ այդքան հատուկ էր Փոփի արքային, որն այսօր կդառնար 58 տարեկան:

Մայքլ Ջեքսոնի մահվանից անցել է 7 տարի, սակայն այս տարիների ընթացքում երաժշտասերները ոչ մի վայրկյան անգամ չեն զգացել, որ արքան այլեւս կենդանի չէ: Սա, իրոք, այն դեպքն է, երբ երաժիշտը հավերժ կենդանի է իր ստեղծած երաժշտության շնորհիվ:

Ջեքսոնը ծնվել է 1958 թ-ին` Ջոզեֆ եւ Քեթրին Ջեքսոնների ընտանիքում: Տասը երեխաներից բաղկացած այս ընտանիքում նա ութերորդ երեխան էր: Իր կարիերան հայտնի երգիչը սկսել է The Jackson 5 խմբից, որտեղ նրա հետ միասին ելույթ էին ունենում ավագ եղբայրները` Ջեքի, Տիտո, Ջերմեյն եւ Մառլոն Ջեքսոնները:

Սակայն շարժուն եւ ինքնատիպ երգիչը, պարզապես, կկորեր խմբի կազմում: Այսպիսով` 1970-ական թ-երի վերջին Մայքլը սկսում է հանդես գալ` որպես անհատ կատարող: Եւ ահա ծնվում են երգչի լավագույն հիթերը` Don’t Stop Till You Get Enough, Rock With You, Off The Wall, Billie Jean, Beat It… եւ այսպես շարունակ…

Հասարակությունը, սակայն, քննարկում էր Ջեքսոնի ոչ միայն ստեղծագործական, այլեւ անձնական կյանքը: Մի մասը նրան մեղադրում էր ռասիզմի մեջ` փաստելով այն, որ երգիչը փոխել էր մաշկի գույնը, մինչդեռ ինքը` Մայքլը, դա բացատրում էր մաշկային հիվանդությամբ: Այնուհետեւ բուռն սկսեցին քննարկել, թե երգիչը մանկապղծության է ենթարկում տղա երեխաներին, ինչը Ջեքսոնին բազմիցս կանգնեցրեց դատարանի դռների առջեւ:

Այս մեղադրանքներն ու ճնշումներն, իհարկե, իրենց հետքը թողեցին Փոփի արքայի առողջության վրա:

Երգչի սիրտը չդիմացավ 2009 թ-ին: Հունիսի 25-ին նրան գտան տանը` անշնչացած վիճակում: Երկրպագուներից շատերը ծանր տարան Մայքլի մահվան լուրը: Ոմանք դիմեցին, նույնիսկ, ծայրահեղ քայլերի:

Ամբողջ աշխարհում երգչի հիշատակին նվիրված արարողություններ կազմակերպվեցին: Ի դեպ, ետ չմնացին նաեւ Ջեքսոնի հայ երկրպագուները...

Հենց նրանց համար էլ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Մայքլ Ջեքսոնի TOP 10 ամենասիրված հիթերը:

Ծնունդդ շնորհավոր, Փոփի արքա…

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE