Ի՞նչ տեսքով գնալ դասի սեպտեմբերի 1-ին. խորհուրդ է տալիս ոճաբան Արմինե Մարտիրոսյանը

12:08   30 օգոստոսի, 2016

Շուտով սեպտեմբերի 1-ն է` օր, որը դպրոցականների եւ ուսանողների համար նշանակում է նոր ուսումնական տարվա սկիզբ: Իսկ ի՞նչ տեսքով գնալ բուհ այս խորհրդանշական օրը, հատկապես, երբ այն քո կյանքի առաջին սեպտեմբերի 1-ն է լինելու:

Ձեզ այս հարցում օգնելու համար զրուցեցինք ոճաբան Արմինե Մարտիրոսյանի հետ.

«Առաջին հերթին բուհ գնում են սովորելու համար, ուստի լավ կլինի, որ հագնվեն այնպես, ինչպես հարմար է: Իսկ առաջին օրն ավելի տոնական տեսք ունենալու համար խորհուրդ կտամ սպիտակ բլուզը կամ վերնաշապիկը համադրել որեւէ աքսեսուարով, օրինակ` մեծ բրոշով, ինչը չէին կարող կրել դպրոցում»:

Արմինեն ողջունում է այն փաստը, որ վերջին տարիներին հայ ուսանողուհիների պահարաններից պակասել են բարձրակրունկ կոշիկներն ու երեկոյան զգեստները.

«Հիմա ավելի նորաձեւ է սպորտային կոշիկների եւ կիսաշրջազգեստների համադրությունը, ինչի արդյունքում ստացվում է մոդայիկ եւ հարմարավետ կերպար»:

Արմինեի հետ զրուցեցինք նաեւ աշակերտուհիների կերպարներից.

«Նրանց կարող եմ առաջարկել, որ  կիսաշրջազգեստների եւ վերնաշապիկների հետաքրքիր լուծումների դիմեն, բայց ոչ մի դեպքում դասի գնալիս չպետք է սպիտակ վերնաշապիկը փոխարինել այլ գույնի բլուզով, քանի որ դա դպրոց է: Եւ հետո վստահ եմ` դպրոցն ավարտելուց հետո նրանք դեռ շատ կկարոտեն սեւի եւ սպիտակի համադրությունը:)»:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE