Ինչպես իրեն պահել նախկին տղամարդու հետ

20:18   29 սեպտեմբերի, 2016

Արցունք մի թափեք

Բաժանումները տարբեր են լինում: Լքել են ձեզ, թե դուք ինքներդ եք ցանկացել խզել հարաբերությունները, միեւնույն է` տհաճ նստվածք կմնա: Իրեն հարգող կինը ոչ մի դեպքում չպետք է շրջապատին ցույց տա, որ իրեն վատ է զգում: Եթե դուք նախկին ընկերոջ հետ աշխատում եք նույն կոլեկտիվում, պատրաստ եղեք, որ կցանկանան ձեզ խղճալ եւ սփոփել` ասելով. «բոլոր տղամարդիկ այծեր են»: Ձեզ թուլություն թույլ մի տվեք նույնիսկ այդ պահերին: Որովհետեւ ձեր բոլոր խոսքերը եւ նախկին ընկերոջից բողոքները կարող են սիրալիրորեն փոխանցվել նրան: Փորձեք բաժանմանը փիլիսոփայաբար վերաբերվել, դուք ձեզ լավ եք զգացել, բայց այդ հարաբերությունները հեռանկար չունեն:

Եթե դուք բաժանվել եք որպես ընկերներ, այդ մասին ասեք ընկերուհիներին: Հաջող եւ ինքնավստահ աղջիկը կարեկցանքի եւ խղճահարության կարիք չունի: Թող կողմնակի անձանց մոտ այնպիսի տպավորություն ձեւավորվի, որ դուք ձեզ հրաշալի եք զգում եւ պատրաստ եք նոր ծանոթությունների: Նույնիսկ եթե դուք դեռ պատրաստ չեք դրանց, չարժե շատ ժամանակ հատկացնել հոգեբանական ինքնավերլուծությանը: Բաց թողեք նախկին ընկերոջը, լավ տրամադրություն ձեւացրեք այնքան ժամանակ, քանի դեռ չեք վերագտել լավատեսությունը եւ դրական մտածողությունը: Դուք ձեր նախկին տղամարդուն ցույց կտաք, որ չնայած ամեն ինչին, շարունակում եք ապրել եւ ուրախանալ ամեն օրով:

Հեռավորություն պահպանեք

Հարգանք են առաջացնում միայն այն մարդիկ, որոնք հավատարիմ են մնում իրենց խոսքին: Նույնն էլ վերաբերում է հարաբերություններին: Եթե դուք ասել եք վերջին խոսքը եւ հարաբերությունները դադարեցնելու որոշումը ձեր նախաձեռնությունն է, հետեւեք դրան: Նախկին ընկերոջը զանգելուց կամ նրան հին, բարի ժամանակների նման ժպտալուց առաջ հիշեք, թե ինչի պատճառով եք որոշել բաժանվել:

Եվ մանավանդ մի փորձեք վերականգնել հարաբերությունները, եթե բաժանման նախաձեռնողը տղամարդն է դարձել: Գուցե ձեր հարաբերություններն իրոք իրենց սպառել են, իսկ ձեր զգացած միայնությունը կանցնի մի քանի շաբաթից: Բնակչության արական հատվածի հարցումը ցույց է տվել, որ նրանց դուր է գալիս, երբ նախկին ընկերուհին վզից կախվում է:

Եզրահանգում. անմատչելի եղեք: Բարյացակամություն ցուցաբերեք, նրան մի առանձնացրեք ուրիշներից. դա բաժանումից հետո իրեն պահելու ամենալավ մարտավարությունն է:

Նախկին սիրելիի հետ հարաբերություններ մի պարզեք

Հաճախ բաժանումից հետո կինը մենակ է մնում իր վիրավորանքների եւ փաստարկների հետ: Դուք կարող եք ժամերով գլխում պտտել այս կամ այն պահերը` նախկին տղամարդու պահվածքում նորանոր թերություններ հայտնաբերելով: Եվ հաճախ ինչքան եք ուզում հանդիմանել նրան, վերհիշել, թե նա ինչ անիրավացի էր եւ խայթել ձեր ընդհանուր ծանոթների ներկայությամբ: Բայց արտահայտվելով հազիվ թե ակնկալված գոհունակությունն ապրեք, փոխարենը ձեզ կստորացնեք շրջապատի աչքում: Հայտնի է, որ հարաբերությունները պարզում է նա, ում համար դա կարեւոր է: Նույնիսկ եթե վերքերը դեռեւս թարմ են, ձեզ ձեռքում պահեք եւ հիշեք, որ այդ տղամարդու հետ ձեր սիրավեպը թերթված էջ է եւ ձեր ուշադրության ոչ մի րոպե չարժե: 



Աղբյուրը` Kleo



© NEWS.am STYLE